Հարություն Մովսիսյանը` սրտի վիրահատությունից հետո իր ինքնազգացողության մասին

20:48   15 հունիսի, 2016

Օրեր առաջ սրտի վիրահատության ենթարկված ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասան Հարություն Մովսիսյանն իրեն արդեն լավ է զգում: Այս մասին դերասանը հայտնեց NEWS.am STYLE-ին.

«Այժմ ինձ շատ ավելի լավ եմ զգում: Արդեն, նույնիսկ, շարունակում եմ նկարահանումներս հեռուստասերիալում»:

Դերասանը նշեց, որ, այնուամենայնիվ, դեռ մեկ ամիս բուժում պետք է անցնի.

«Դեղեր են նշանակել, որոնք պետք է անպայման ընդունեմ լիարժեք բուժվելու համար: Պետք է նաեւ զերծ մնամ արագությունից, ծանր աշխատանքներից եւ պահպանեմ հանգստի ռեժիմ: Այժմ ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ անցյալում է եւ ինձ լավ եմ զգում»,-նշեց սիրված դերասանը:

Հունիսի 10-ին Հարություն Մովսիսյանը վատ ինքնազգացողության պատճառով դիմել էր Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց, որտեղ էլ որոշվել է, որ նրա սրտի անոթը պետք է ստենտավորել:

Հիշեցնենք, որ ներկայումս սիրված դերասանը նկարահանվում է «Երանի» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին` Վահանին:

NEWS.am STYLE-ն առողջություն է մաղթում Հարություն Մովսիսյանին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE