NEWS.am STYLE Exclusive. Արթուր Գուրունլյանը` Լոնդոնում Armenian Street Festival-ի եւ փառատոնին Իվետա Մուկուչյանի մասնակցության մասին

12:01   20 հունիսի, 2016

Հուլիսի 17-ին Լոնդոնում 6-րդ անգամ կկայանա Armenian Street Festival ամենամյա փառատոնը, որի նպատակն է վեր հանել հայկական մշակույթն ու սերտ կապեր ստեղծել Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցների միջեւ:

Այս տարի փառատոնի ստեղծագործական հարցերով զբաղվում է Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը, որը նաեւ հայտնի է Big Brother շոուի աստղ Բրայան Դաուլինգի հետ իր ամուսնությամբ:

Արթուրը փառտոնի մասին ողջ մանրամասները վստահել է NEWS.am STYLE-ին` բացառիկ տեղեկություն հաղորդելով նաեւ միջոցառման հատուկ հյուրի մասին:

«Եպիկոպոս Հովակիմ Մանուկյանն ու փառատոնի հիմնադիր Դիք Պետրոսյանն ինձ առաջարկեցին լինել այս տարվա փառատոնի ստեղծագործական ղեկավարը: Իմ պարտականությունների մեջ մտնում է հետեւել փառատոնի կազմակերպչական աշխատանքներին եւ համոզվել, որ յուրաքանչյուր-ոք եւ ամեն ինչ իրենց  տեղերում են: Ես պետք է ամեն ինչ անեմ, որ շոուն իսկապես դուր գա հեռուստադիտողներին եւ հանրությանը»,-ոգեւորված նշում է Արթուրը` հավելելով, որ այս տարվա շոուն նոր եւ ավելի բարձր  մակարդակի վրա է լինելու.

«Համերգին կտեսնենք շատ տաղանդավոր կատարողների: Ելույթ կունենան դուդուկահար Գեւորգ Կարապետյանը, ջութակահար Լեւոն Չիլինգարյանն ու այլ ճանաչված հայեր…Իմ նպատակն է, որ մարդիկ ավելի մոտ լինեն հայկական մշակույթին եւ խոհանոցին: Կլինեն շատ հյուրասիրություններ, պարեր եւ, իհարկե, ժամանցային ծրագրեր: Որպես հայ` ինձ համար պատիվ է նման միջոցառման մի մասնիկը լինելը»:

Սակայն այսքանով այս տարվա փառատոնի անակնկալները չեն սահմանափակվելու. Էլ ի՞նչ փառատոն առանց գլխավոր հյուրի.

«Փառատոնի բացումը կատարելու է Իվետա Մուկուչյանը: Մենք, իսկապես, անհամբերությամբ ենք սպասում նրա ելույթին: Նա կկատարի իր հայտնի հիթերից մի քանիսը, սակայն այլ մանրամասներ չէի ցանկանա հաղորդել, որպեսզի չփչացնեմ ամբողջ անակնկալը: Մի բան հստակ կարող եմ ասել` նա իր սիրո ալիքը կտարածի ամբողջ Iverna Gardens-ով մեկ»:

Տեղեկացնենք նաեւ, որ Armenian Street Festival-ի այս տարվա ամբողջ հասույթը տրամադրվելու է Մեծ Բրիտանիայի հայկական եկեղեցուն:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE