12:33 27 հունիսի, 2016Հանգստյան օրերին համաշխարհային մամուլը թնդում էր ոչ միայն «Եվրո 2016-ի» ու Հռոմի պապի Հայաստան այցելության թեմաներից, այլեւ Քանյե Ուեսթի Famous երգի նոր տեսահոլովակի շնորհանդեսից: Տեսահոլովակի շնորհանդեսը անցել է Ինգլվուդի Forum հրապարակում, 17 հազար մարդու ներկայությամբ:

Տեսահոլովակը կարելի է դիտել Ջեյ Զիի Tidal ծառայությունում: Համացանցում առայժմ միայն առանձին հատվածներ են հրապարակվել այն տեսահոլովակից, որում նկարահանվել են մերկ Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Դոնալդ Թրամփը, Ջորջ Բուշ կրտսերը, Ռեյ Ջին, Թեյլոր Սվիֆթը, Աննա Վինտուրը, Էմբեր Ռոուզը, Բիլ Քոսբին ու Քեյթլին Ջենները:
Եվ չնայած Քանյեն պնդում էր, որ տեսահոլովակում բոլոր պերսոնաժները իրական են, բայց իրականում մահճակալի վրա պառկած մերկ կերպարները մոմե մանեկեններ են:
Տեսահոլովակի մասին իրենց տեսակետները (ի դեպ, ամենեւին էլ ոչ բացասական) արդեն հայտնել են Դոնալդ Թրամփն ու Ջորջ Բուշ Կրտսերը (վերջինը տեսահոլովակին հումորով էր վերաբերվել):

Քրիս Բրաունը (տեսահոլովակում նա պառկած է իր նախկին կնոջ՝ Ռիհաննայի կողքին), որը հիմա Եվրոպայում համերգային շրջագայության է, իր միկրոբլոգում գրել է.
«Քանյեն գիժ է, տաղանդավոր, բայց գիժ, ինչո՞ւ է տեսահոլովակում իմ հետույքը սանտեխնիկի հետույքի նման»:

Քանյեի տեսահոլովակի կադրի ծաղրանկարը՝ Բարբի տիկնիկներով:
Քանյեն ինքն ըստ երեւույթին դժգոհ է աստղերի անբավարար արձագանքից (հավանաբար սպասում է Թեյլոր Սվիֆթին):
«Գո՞ւցե ինչ-որ մեկն ինձ վերջապես դատի տա: Դե, սպասում եմ, դատի տվե՛ք»,- գրել է 39-ամյա երաժիշտը իր Twitter-ում:
Աղբյուր՝ Daily Mail