Ինչպե՞ս ստեղծվեց Կարեն-Սեւակ համագործակցությունն ու աշխատանքը հայտնիների հետ

14:25   27 հունիսի, 2016

15 տարի առաջ էր, երբ Կարեն Համբարձումյանն ու Սեւակ Մելքոնյանը ծանոթացան եւ հասկացան, որ երաժշտության ասպարեզում նույն կերպ են մտածում: Ընկերները միասին հիմնեցին KarenSevak Production-ը եւ սկսեցին ստեղծագործել եւ համագործակցել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ:

«Մինչ օրս անխախտ է մնացել ոչ միայն միասին ստեղծագործելու, այլեւ ընկերներ լինելու մեր որոշումը»,-ասում է Կարենը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում  կիսվել է  նաեւ իրենց աշխատանքի հետ կապված այլ մանրամասներով:

«Ոչ շատ հաճախ, բայց երբեմն տարաձայնություններ էլ ենք ունենում, որոնք, սակայն, միայն օգուտ են բերում մեր գործին: Շատ դեպքերում հենց քննարկումների եւ բանավեճերի շնորհիվ ենք գալիս ճիշտ որոշումների»:

Կարենն ու Սեւակը ոչ միայն ստեղծագործում են, այլեւ հաճախ գործիքավորում են հայ երգիչներից շատերի երգերը: Նրանք համագործակցել են Սարո Թովմասյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Նանուլի, Արմենչիկի, Նորայր Մելքոնյանի եւ շատ ուրիշների հետ:

«Այս կամ այն արտիստի գործիքավորումը կատարելու հարցում բծախնդիր չենք մոտենում համագործակցությանը. աշխատում ենք ամենատարբեր երգիչների հետ` անկախ իրենց երաժշտական ուղղվածությունից: Իսկ եթե խոսքը այն երգիչների մասին է, որոնց հետ բավականին երկար ժամանակ զբաղվել ենք պրոդյուսերական աշխատանքներով, ապա այդ հարցում բծախնդիր ենք»:

Կարենից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է տեղի ունենում ստեղծագործական գործընթացը. Արդյո՞ք առաջինը գրվում են բառերը, թե՞ երաժշտությունը.

«Շատ տարբեր են դեպքերը: Կան աշխատանքներ, որոնք գործիքային բնույթի են եւ չունեն բառեր: Իսկ մեր գրած երգերի դեպքում շատ հաճախ բառերը գրվում են մեր ստեղծած մեղեդու վերջնական մշակումից հետո»:

Կարենի եւ Սեւակի ամենաթարմ աշխատանքը «Մինչեւ վերջ» ստեղծագործությունն է, որի  շուրջ նրանք համագործակցել են Ավետ Բարսեղյանի հետ: Կարենից հետաքրքրվեցինք նաեւ այս աշխատանքի մանրամասներից:

«Այս երգի ստեղծման պատճառը բոլորիս հայտնի քառօրյա պատերազմն էր ու հայ հերոսները, որոնց հանդեպ ունեցած մեր հարգանքն ու խոնարհությունը պատճառ դարձան, որ թողնենք բոլոր մնացած գործերն ու ստեղծենք մեր հոգու երգը` այն նվիրելով մեր քաջ զինվորներին: Սկզբում գրեցինք երաժշտությունը, հետո Ավետը մի շնչով գրեց բառերը, որոնց շնորհիվ երգն ավելի ամբողջական տեսք ստացավ»,-ասում է Կարենը ` շեշտելով, որ պատահական չէր նաեւ երգիչների` Տիգրան Կարապետյանի, Արտակ Հայրապետյանի եւ Գրիգոր Դավթյանի ընտրությունը:

«Բառերը գրելուց հետո ընտրեցինք երգիչներին` չփնտրելով նրանց մեջ հայտնի անունների: Նրանք երեքն էլ շատ տաղանդավոր են…»:

«Մինչեւ վերջ» երգի տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է: Աշխատանքը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE