Քարդաշյանների ընտանիքի ուկրաինացի լուսանկարիչը Քիմի շնորհիվ գրին քարտ է ստացել

11:09   2 հուլիսի, 2016

Քիմ Քարդաշյանը վերջերս տված հարցազրույցում նշել էր, որ կուզեր աշխատել հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոյի հետ, բայց նաեւ նկատել է, որ իրեն դուր է գալիս աշխատել նոր, անհայտ լուսանկարիչների հետ: Սկսնակ, բայց ԱՄՆ-ում արդեն հայտնի  լուսանկարիչներից մեկն էլ ուկրաինուհի Սաշա Սամսոնովան է:  

Ռուսական Life պորտալը խոսել է Սաշայի հետ եւ պարզել, որ Ջոն Լեջենդի All of Me տեսահոլովակի նկարահանման ընթացքում հաջող ֆոտոսեսիայից հետո տաղանդավոր ուկրաինուհու մասին լուրերը տարածվել են ամբողջ Կալիֆորնիայով: Քայլի Ջենները Սաշայի մոտ նկարահանում է պատվիրել եւ դրանից հետո դարձել է նրա մշտական հաճախորդուհին: Քրոջ օրինակին է հետեւել նաեւ հայտնի մոդել Քենդալ Ջենները, որը Սամսոնովայի հետ միասին մասնակցել է TopShop-ի գովազդին:

«Ես եւ Քայլին արդեն ինը ֆոտոսեսիա ենք անցկացրել միասին: Այս ընթացքում ոչ մի անգամ ես չեմ բախվել քմահաճույքների կամ մեծամտության: Ես իմ աշխատանքն արագ եմ անում, նման մակարդակի հաճախորդների համար դա կարեւոր է: Մինչ նրան դիմահարդարում են անում եւ նախապատրաստում են, մենք նստում ենք եւ շատախոսում: Նա շատ լավն է: Նրա քույրը` Քենդալը եւս: Ես ու նա արագ ընկերացանք, նրանք վստահում են ինձ»:

Աղջիկը պատմել է նաեւ գրին քարտ ստանալու մանրամասները: Սաշայի խոսքով, շատ շուտով ինքը կեցության վկայական կստանա:

Չնայած ԱՄՆ-ում օտարերկրյա քաղաքացիները տարիներով գրին քարտի են սպասում, Սամսոնովան դրան հասել է Կիեւից Լոս Անջելես տեղափոխվելուց մեկ ու կես տարի անց.

«Ես դա վիճակախաղի կամ ամուսնության շնորհիվ չեմ ստացել: Ես տասը անհրաժեշտ կետերով ապացուցել եմ, որ Ամերիկայում աշխատելով հաջողության եմ հասնում: Նման ազդեցիկ ընտանիքի հետ համագործակցությունն իր դերը խաղացել է: Իհարկե, դա ինձ օգնեց արագ գրին քարտ ստանալ»:



© NEWS.am STYLE