Մասնագետի խորհուրդները. որոշիր քո արտաքինի տեսակը

14:51   1 մարտի, 2013

Տղամարդիկ կանանց բաժանում են երեք տեսակի. շիկահերներ, սեւահերներ եւ ոսկեհերներ: Միամիտներ, մտածում ենք, հաշվելով մազերի տասնյակ տարատեսակների երանգներ, ինչպես մուգ շիկահեր, պլատին, շոկոլադ, կարելի է անվերջ թվարկել: Ամենից աղքատիկ դասակարգումը մազերի ոճաբաններինն է: Նրանք մեզ բաժանել են երկու տեսակի. ջերմ եւ պաղ գեղեցկուհիներ: Արտաքինի որ տեսակին ենք մենք դասվում, կօգնեն որոշել աչքերի, մաշկի գույնը եւ մազերի բնական երանգը:

Ջերմ արտաքինով էակներն ունեն ոսկե կամ դեղձի գույն մաշկ, սաթե, կանաչ կամ թեյագույն աչքեր, պղնձե-շագանակագույն մազեր: Վառ ներկայացուցիչներն են Պենելոպա Կրուզը եւ Անջելինա Ջոլին:

Երեւանյան ոճաբանները խորհուրդ են տալիս մազերը ներկելիս ուշադրություն դարձնել ընկուզե եւ ոսկե գույներին: Հակացուցված են բաց-ոսկեգույն եւ մոխրագույն երանգները եւ պլատինը. թխամաշկ կանանց դրանք տասը տարի կավելացնեն: «Գրկաբաց» ֆիլմում սա հստակ արտահայտում է Պենելոպա Կրուզի՝ ա-լա Մերլին Մոնրո կեղծամ փորձող հերոսուհին: Վառ է եւ սեքսուալ, բայց շատ նման է կաբարեի պարուհու:  

Այնուամենայնիվ, խարտյաշը սազում է բացարձակապես բոլորին, կարեւորը հազարավոր երանգներից սեփականը գտնելն է: Եվ այն պետք է ընտրել՝ կախված մաշկի գույնից. որքան ջերմ է գույնը, մազերի նոր գույնն այնքան վառ, նույնիսկ՝ դեղին կարող է լինել: Նայեք Ջենիֆեր Էնիստոնին, Անյա Ռուբիկին, Քեյթ Մոսսին. նրանց բաց գույնի մազերը բացարձակ տարբեր երանգներ ունեն:  

Պաղ գեղեցկուհիներն ունեն կապույտ եւ մոխրա-կանաչ աչքեր, բաց կամ վարդագույն մաշկ: Մազերի բնական երանգների տեսականին մեծ է, մոխրագույնից մինչեւ սեւաթույր: Նրանց դուրս կգան խարտյաշ, պլատինե եւ սեւ գույները, ինչպես նաեւ (միայն դրա սիրահարներին) կարմրափայտի եւ գինու երանգները: Իսկ ահա վառ ոսկե-խարտյաշ երանգները կվատթարացնեն դեմքի գույնը:



© NEWS.am STYLE