Մարինկա Խաչատրյանը մեկնաբանում է կեղծ էջերի պատճառով իր անվան շուրջ ստեղծված խառնաշփոթը

10:15   10 հուլիսի, 2016

Հայտնի մարդիկ հաճախ են դառնում սոցիալական ցանցերում իրենց անվամբ բացված կեղծ էջերի զոհեր: Այդպիսի պատմությունների մեջ հաճախակի է հայտնվում նաեւ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, որը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջերս էլի փորձել են իր անվան հետ խաղալ` տարածելով անհիմն հաղորդագրություններ.

«Արդեն որորերդ անգամն է` իմ անունով կեղծ էջեր են բացում եւ ընկերներիս ու մտերիմներիս իմ անունից տարբեր հաղորդագրություններ են ուղարկում: Իհարկե, իմ ծանոթները կարողանում են տարբերել կեղծ էջերն ու իրականը, ես էլ բազմիցս խնդրել եմ վերջ դնել նման անմիտ արարքներին, սակայն ինչպես երեւում է` ջանքերս զուր են: Վերջերս կրկին փորձեցին խաղալ իմ անվան հետ` տարածելով, թե իբր ես Մինաս Մարտիրոսյան անվամբ ոմն բանաստեղծին տարօրինակ ենթատեքստով հաղորդագրություններ եմ գրում:

Եթե կարդաք բովանդակությունը, կարծում եմ, նույնիսկ կծիծաղեք այդ ամենի վրա… Երկրպագուներիս ուզում եմ տեղեկացնել, որ զգույշ լինեն համացանցում տարածված բոլոր կեղծ էջերից, որոնք իմ անունից փորձում են շփոթության մեջ գցել իմ սիրելի ու թանկ մարդկանց: Իսկ ինչ վերաբերում է վերջին դեպքին` կարող եմ միայն ենթադրել, որ տվյալ «բանաստեղծն» իր սեփական PR-ի համար փորձում է խաղալ իմ անվան հետ: Եւս մեկ անգամ խնդրում ու պահանջում եմ վերջ դնել նման խեղկատակություններին»,-նշեց դերասանուհին` ավելացնելով, որ հաջորդ անգամ նման բան գրանցվելու դեպքում կդիմի ավելի լուրջ եւ օրինական քայլերի:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE