22:20 10 հուլիսի, 2016Այսօր` հուլիսի 10-ին, կայացավ «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի պաշտոնական բացումը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` կեսօրին Սուրբ Զորավոր եկեղեցում կայացավ Ծիրանօրհնեքի արարողությունը, իսկ արդեն երեկոյան տեղի ունեցավ կարմիր գորգի սպասված միջոցառումը, որին նախորդեց կինոյի հայ մեծանուն գործիչներ Էդմոնդ Քեոսայանի, Դմիտրի Կեսայանցի ու Ալբերտ Յավուրյանի անվանական աստղերի բացումը:
«Նրանք մեզ մեծ ժառանգություն են թողել, որը մենք այսօր կրում ենք մեր մեջ` ցույց տալով աշխարհին մեր մշակույթը: Մենք այսօր նրանց պատվին բացել ենք աստղեր` գնահատելով նրանց աշխատանքը եւ Հայաստանում, եւ դրսում»,-նշեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Ոսկե ծիրան 2016» կինոփառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-րդ ամյակին:
Այս տարի կինոփառատոնի մրցութային ծրագրում մրցում են երեք ժանրերի ֆիլմեր` խաղարկային, վավերագրական եւ հայկական համայնապատկեր:
Ինչպես նախորդ տարիներին` այս տարի եւս փառատոնի շրջանակներում կլինի հատուկ հյուր, որի «պաշտոնում» այս անգամ բրիտանացի հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթն է:
Փառատոնը մեկնարկեց Համո Բեկնազարյանի «Զարեհ» ֆիլմի ցուցադրությամբ:
Տեղեկացնենք նաեւ, որ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը:
Սյունե Առաքելյան