Երկրներ, որտեղ չի կարելի ծորակից ջուր խմել. Հայաստանն այս ցուցակում է

12:50   11 հուլիսի, 2016

Մեզանից շատերը ճանապարհորդելիս ամենաշատը կարոտում են մեր ջուրը, որն առանց երկմտելու խմում ենք ծորակից։ Բայց Բրիտանական Daily Mail պարբերականը կազմել է մի քարտեզ, որի վրա նշված են թե եվրոպական որ երկներում կարելի է ջուր խմել ծորակից, իսկ որոնցում՝ ոչ։

Ըստ կայքի՝ ճանապարհորդների համար սա ամենակարեւոր եւ հուզող հարցերից մեկն է. չէ որ պղտոր ջուր խմելու հետեւանքով առաջանում են փորլուծություն, հեպատիտ Ա, տիֆ, խոլերա, եւ ջուրն օգտագործվում է ոչ միայն խմելու, այլեւ այն սեփական հիգիենային հետեւելու կարեւոր նախապայմաններից է։ Այսպիսով, կայքն իր ընթերցողներին ներկայացրել է ուղեցույց-քարտեզ, համաձայն որի՝ ծորակից ջուր կարելի է խմել Իսլանդիայում, Ավստրիայում, Բելգիայում, Չեխիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ այլն։

Իսկ ահա հետխորհրդային երկրներում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Լիտվայում, Էստոնիայում, ինչպես նաեւ Թուրքիայում, Հունգարիայում, Սերբիայում, Խորվաթիայում եւ այլ երկրներում ծորակից ջուր խմելը նախընտրելի չէ։

Թե ինչպես եւ ով է անցկացրել ուսումնասիրությունը եւ ինչպես են եկել նման եզրակացության, կայքում նշված չէ։

Իսկ վերջում հեղինակը խորհուրդ է տալիս՝ եթե հայտնվել եք եվրոպական վերոհիշյալ երկրներում եւ ջրի մաքրությունը կասկածելի է թվում, ուրեմն գնեք շշալցված ջրեր։

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE