Մարկը քիչ է քնում, մեզ էլ չի թողնում, որ քնենք. Նարեկ Բավեյանը՝ որդու մասին

17:03   12 հուլիսի, 2016

Երգիչ Նարեկ Բավեյանին օրերս հանդիպեցինք երեւանյան միջոցառումներից մեկի ժամանակ: Նորաթուխ հայրիկը շատ երջանիկ տեսք ուներ, մենք էլ առիթը բաց չթողեցինք եւ Նարեկի հետ զրուցեցինք փոքրիկ Մարկի եւ աշխատանքային նորությունների մասին.

«Շատ աշխույժ երեխա է Մարկը, քիչ է քնում, մեզ էլ չի թողնում, որ քնենք: Կարծում եմ՝ այդ շրջանում բոլոր երեխաներն են այդպիսին»,-ասում է Նարեկն՝ ավելացնելով.

«Կյանքս ամբողջովին փոխվել է: «ԴոՄիՆո»-ն այս շրջանում արձակուրդի մեջ է: Աշխատանքից դուրս ամբողջ ժամանակս միայն  նրան եմ տրամադրում  եվ դրանից մեծ հաճույք եմ ստանում: Նախընտրում եմ սրճարաններ կամ ժամանցի այլ վայրեր հաճախելու փոխարեն ամբողջ ժամանակս անցկացնել երեխայիս հետ»,-նշում է ոգեւորված հայրիկը:

Նարեկից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են ընթանում «ԴոՄիՆո» սիթքոմի նոր եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքները.

«Դեռ շուտ է պատրաստվել «ԴոՄիՆո»-ի նոր եթերաշրջանին. երեւի օգոստոսի երկրորդ կեսից նոր կսկսենք պատրաստվել նկարահանումներին, որպեսզի սեպտեմբերին մտնենք նոր եթերշրջան: Կերպարային անակնկալներ չեմ կարող բացահայտել, քանի որ դեռ ինքս էլ չգիտեմ, թե ինչ է սպասվում Նորոյին հաջորդ եթերաշրջանում»:

Ինչ վերաբերում է դերասան-երգչի ամառային հանգստին՝ ապա այս տարի Նարեկը երկար ճանապարհ չի պատրաստվում գնալ.

«Քանի որ տղաս դեռ շատ փոքր է, չեմ կարծում, թե կարող ենք երկար ճանապարհ գնալ: Երբ արդեն մի քանի ամսեկան դառնա, նոր միասին Հայաստանի մեջ որեւիցե զով տեղ կգնանք»:

Երգչի երկրպագուներին տեղեկացնենք, որ Նարեկի երաժշտական նորությունները եւս երկար սպասեցնել չեն տա. Սեպտեմբերին նա հանդես կգա անակնկալներով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Բավեյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE