2 դոլարանոց թղթադրամի առեղծվածը

23:10   14 հուլիսի, 2016

Երկու դոլարանոց թղթադրամը շրջանառության մեջ է մտել 1862 թվին եւ մինչ այժմ թողարկվում է: Մի քանի անգամ վերաթողարկվել եւ փոխել է իր ձեւը: Ժամանակակից թղթադրամի վրա պատկերված է ամերիկյան նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, մյուս կողմում` Անկախության հռչակագրի ստորագրումը պատկերող հայտնի նկարը: 

Այն ամերիկյան ամենահազվագյուտ թղթադրամն է եւ ցանկացած նման թղթադրամ մնում է դրամապանակներում եւ այլեւս չի օգտագործվում: 

Ժամանակի հետ այս թղթադրամների թողարկման ծավալը գնալով փոքրացել է եւ տարբեր պատճառներով 2 դոլարանոցները մեծ ժողովրդականություն չեն վայելել, իսկ 1966-ից 1976 թթ-ի ընթացքում ընդհանրապես դադարեցվել է այդ արժեքով թղթադրամների թողարկումը: 

Անկախության հռչակագրի ստորագրման 200-ամյակին` 1976 թ., 2 դոլարանոցները դարձյալ սկսեցին թողարկվել: Առաջին թղթադրամը շրջանառության մեջ դրվեց 1976-ի ապրիլի 13-ին: Դրամագետները եւ հատկապես հեռատես մարդիկ, որոնց ձեռքն այդ օրը  2 դոլարանոց ընկավ, շտապեցին փոստ` հատուկ մարման կնիք դնելու: Ապրիլի 13-ի մարումով եւ 13 ցենտանոց դրոշմանիշով թղթադրամներն առանձնահատուկ կերպով գնահատվում են կոլեկցիոներների կողմից: 

Հազվագյուտության պատճառով ամերիկյան երկու դոլարանոց թղթադրամի շուրջն առասպելներ, սնոտիապաշտական հավատալիքներ եւ պատմություններ են ձեւավորվել: Դրանցից որոշներն ինչ-որ կերպ հաստատված են, որոշները` ոչ:  Ամեն տեսակ պատմություններ կան թղթադրամի վերաբերյալ. հիմնական առասպելն այն է, որ  2 դոլարանոցները հաջողություն են բերում եւ փողը ձգում են դեպի իրենց տիրոջ դրամապանակը:  Այդ պատճառով, ինչ-որ մեկի ձեռքն ընկնելով՝ թղթադրամը հաստատվում է նոր տիրոջ թղթապանակում եւ այնտեղ անշարժ մնում է` ֆիզիկապես դուրս գալով շրջանառությունից, իսկ դա նշանակում է, որ նման թղթադրամների թիվը գնալով նվազում է: Նախկինում ոչ բոլորն էին ընկած հաջողության հետեւից, եւ թղթադրամը հիմնական նշանակությամբ էին օգտագործում, բայց դեպքեր էին լինում, երբ մարդիկ խնդիր էին ունենում, երբ փորձում էին խանութում  2 դոլարանոցով վճարել, որովհետեւ այդ թղթադրամն այնքան հազվագյուտ է, որ ոչ բոլոր վաճառողները գիտեին դրա գոյության մասին եւ մտածում էին, թե փորձում են իրենց կեղծ դրամ տալ: 

Հետո էլ 2 դոլարանոցին մոլախաղերի հակման հետ կապ են վերագրում (խաղադրույքները ձիարշավին եւ պոկեր խաղալիս) եւ սեռական ենթատեքստ ( մերկապարուհիների թեյավճարները): Տարբերակ կա նաեւ, թե ինչ-որ ժամանակ նավահանգիստների մարմնավաճառների ծառայությունները հենց 2 դոլար արժեին եւ նավաստիներին հարմար էր հաճույքի համար վճարել մեկ թղթադրամով: Կարճ ասած, տարբերակները շատ են:  

Չնայած իր հազվագյուտությանը, 2 դոլարանոց թղթադրամն այնուամենայնիվ 2 դոլար արժե, բացառությամբ որոշ հազվագյուտ նմուշների, օրինակ` հատուկ մարումով: 

 

Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE