Սանրվածք ենք ընտրում. 2013-ի գարնան միտումները

16:23   2 մարտի, 2013

Գարնան բացվելուն զուգահեռ, թերեւս, յուրաքանչյուր կին ցանկանում է ինչ-որ բան փոխել իր իմիջում. սանրվածքը, հագուստի ոճը, դիմահարդարումը, մատնահարդարումը: Նման փոփոխությունները շատ օգտակար են մեր հոգեվիճակի համար: Դրանք թույլ են տալիս ինքներս մեզ նորովի դիտել, կյանքին նայել ժպիտով եւ սեփական արտաքինում նոր գրավչություն տեսնել: Հետաքրքիր է, որ հոգեբաններն առաջարկում են «նոր կյանք» սկսել՝ փոխելով սանրվածքը: Իսկ ի՞նչն է նորաձեւ 2013 թվականի գարնանը:

Մինչեւ ուսերը հասնող երկարությունը կարող է համարվել ընդգծված կանացի սանրվածքներից ամենահարմարը, եւ միջին երկարությամբ մազերի կտրվածքներն ուղղված են հենց ձեր առավելություններն ընդգծելուն: Գանգուրները նորաձեւ են մնացել, բայց տեղափոխվել են երկար մազեր ունեցողների զինանոց, իսկ ահա միջին երկարությունն ընդգծվում է ծավալուն տեքստուրայով, ուղիղ գծերով եւ հմայիչ անհամաչափությամբ:

Նորաձեւ է նաեւ անհամատեղելիի համատեղումը. բաց ճակատ եւ, դրա հետ մեկտեղ, դիմախոպոպի պարտադիր առկայություն: Դրանք կանացի միջին չափի կտրվածքներն են, ինչպես «կարե»-ն՝ երկար թեք դիմախոպոպով, որը ճակատը մի կողմից բացում է՝ ամբողջությամբ թաքցնելով մյուս մասը: Ուղիղ մազերն ու ծավալը պարտադիր չեն:

Նորաձեւ են նաեւ գեղարվեստական թափթփվածությունը, ալիքավոր մազափնջերը, վարսերի անհավասար ծայրերը՝ թեթեւ ձեւավորման զուգորդմամբ: Փորձեք հրաժարվել հարդարման բոլոր միջոցներից, որոնք ծանրացնում են սանրվածքը: Նորաձեւ են բնականությունն ու առողջ ապրելակերպը, այդ պատճառով կոպիտ ձեւավորումը եւ ուժեղ ամրացնող գելը պետք է օգտագործել շատ չափավոր: Միջին չափի մազերի համար ավարտուն փնջերով շերտավոր կտրվածքը հրաշալի տարբերակներ է ստեղծում վարսահարդարման համար եւ ավելացնում է ծավալայնությունը:



© NEWS.am STYLE