Հայկական դուդուկ եւ զուռնա Լոնդոնում. Իվետա Մուկուչյանն ու Նազենի Հովհաննիսյանը՝ Armenian Street Festival-ին

11:17   18 հուլիսի, 2016

Հուլիսի 17-ին Լոնդոնում կայացել է ամենամյա Armenian Street Festival-ը, որի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Փառատոնի, որի նպատակն է վեր հանել հայկական մշակույթն ու սերտ կապեր ստեղծել Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցների միջեւ, հատուկ հյուրն այս տարի «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանն էր, որը սիրով ընդունել է կազմակերպիչների հրավերը։

Երգչուհին դուդուկահար Գեւորգ Կարապետյանի, ջութակահար Լեւոն Չիլինգարյանի եւ այլ ճանաչված հայերի հետ ելույթ է ունեցել 6-րդ Armenian Street Festival փառատոնի ժամանակ եւ բարձր տրամադրություն փոխանցել տեղի հայերին։

Փառատոնին ներկա էր նաեւ բրիտանական Wiwibloggs կայքը, որը չէր կարող անտեսել այն հանգամանքը, որ Եվրատեսիլ 2016-ի «հայկական Բեյոնսեն» եկել էր Բրիտանիայի մայրաքաղաք եւ պետք է ելույթ ունենար այնտեղ։

Իվետան կատարել է եւ իր սիրված երգերից մի քանիսը, եւ cover կատարումներ, եւ ներկայացրել է եվրատեսիլյան «LoveWave» հիթը։

Видео опубликовано wiwibloggs (@wiwibloggs)

Միջոցառման հանդիսավարն էր Նազենի Հովհաննիսյանը, որն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։

Ներկաներին նաեւ գրավել է Իվետայի եւ Գեւորգ Կարապետյանի համատեղ ելույթը, որի ընթացքում հայկական դուդուկի եւ զուռնայի հնչյունները տարածվել են ամբողջ Քենսինգթոնում։

Նշենք, որ այս անգամ միջոցառման ստեղծագործական հարցերով զբաղվում է Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Armenian Street Festival-ի այս տարվա ամբողջ հասույթը տրամադրվելու է Մեծ Բրիտանիայի հայկական եկեղեցուն:

 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Wiwibloggs

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE