Գրիգոր Դանիելյան. «Փողոցում ինձ Սերոժ են դիմում: Լավ է, որ ո՛չ Լաուր տատի» (ֆոտո)

20:34   2 մարտի, 2013

Հայ դերասան Գրիգոր Դանիելյանը, ով կատարում է հայ հանդիսատեսի սիրելի Սերոժի դերը, հանկարծակի «ընդհատակ անցավ»՝ բազմաթիվ բամբասանքների եւ լուրերի տարածման պատճառ դառնալով: NEWS.am STYLE-ը որոշեց գնալ թարմ հետքերով եւ պարզել պատճառները:

 Գրիգոր, կորել եք էկրաններից: Բացի Yere1-ից, ինչո՞վ եք զբաղվում:

Բավական երկար ժամանակ է՝ Yere1 նախագիծը եթերում չէ: Բայց ի ուրախություն հումորային այս նախագծի երկրպագուների ասեմ, որ շատ շուտով այն եթերում կլինի: Այս պահին նկարահանումներն են ընթանում: Բացի Yere1-ից, զբաղվում էի կոնկրետ սցենարական աշխատանքով, կային նաեւ մի քանի նախագծեր, որոնց ուղղությամբ աշխատում էի: Ներկայում բոլոր ուժերս կենտրոնացրել եմ Yere1-ի ուղղությամբ:

Կպատմե՞ք Ձեր առաջին «աստղային» դերի մասին:

«Աստղ» բառը չեմ սիրում, այնպես որ պատմեմ այն դերերի մասին, որոնք ինձ ճանաչում բերեցին: Միանգամից նշեմ, որ սիրում եմ իմ բոլոր հերոսներին, բոլորին մեծ հաճույքով եմ խաղացել: Բայց կա մեկը, ում անունով ինձ նույնիսկ փողոցում են դիմում: Դա Սերոժն է: Հավանաբար այն պատճառով, որ նա արտաքնապես ինձ ամենից շատ է նման: Չնայած չեմ կարծում, որ պատահական անցորդներն ինձ Լաուր տատիկ կոչեին:

Իսկ ինչո՞վ են ավարտվում նման դրվագները:

Նրանով, որ ծուլանում եմ ուղղել նրանց սխալը: Այնպես որ, խոսակցությունն ավարտվում է Սերոժով:

Իսկ ե՞րբ սկսեցիք նկատել, որ մարդիկ փողոցում ճանաչում են Ձեզ: Եվ հաճելի՞ էր:

Երբ 2008 թվականին նախագիծն առաջին անգամ եթեր հեռարձակվեց, շատ բարձր վարկանիշ ուներ: Մեկ տարի անց ինձ ամենուր սկսեցին ճանաչել: Սկզբում հաճելի էր, այնուհետեւ դարձավ սովորական, հետո արդեն հասկացա, որ ծուղակն եմ ընկել: Անհրաժեշտ է միշտ ուշադիր լինել, արձագանքել բոլոր ողջույններին, ժպտալ եւ լսել նախագծի կամ իմ դերերից որևէ մեկի մասին մարդկանց կարծիքները:

Հասցնո՞ւմ եք Ձեր ընտանիքին ժամանակ տրամադրել:

Ոչ միշտ, այդ պատճառով շատ եմ նեղվում: Ընտանիքն իմ կյանքում շատ մեծ դեր է զբաղեցնում: Ուզում եմ նշել, որ կնոջս ու տղայիս շատ եմ սիրում, հաճախ նաեւ՝ կարոտում: Բայց ես ու կինս համատեղ ստուդիա ունենք, ուր նա վոկալ է դասավանդում, ես՝ «դերասանական արվեստ»: Եվ շաբաթվա այդ մեկ օրը, ճիշտ է՝ աշխատավայրում, բայց ամբողջ օրը միասին ենք լինում:

Ինչպիսի՞ն են կատարյալ կնոջ եւ տղամարդու մասին Ձեր պատկերացումները:

Կինն ինձ համար կատարյալ էակ է: Նրանք մեր մայրերն են, քույրերը, կանայք, աղջիկները: Եվ ինձ համար գլխավորը, որ կինը լավ կատարի իր դերը, գիտակցի՝ ո՞րն է իր առաքելությունը որպես մայր, կին եւ քույր: Ցանկացած շեղում փչացնում է այդ կերպարը: Իսկ տղամարդը պետք է տղամարդ լինի: Աստված երկու սեռ է ստեղծել՝ արական եւ իգական, եւ հարկավոր է պահպանել այդ արարչությունը:

Արտաքինը նշանակություն ունի՞:

Ես միշտ ասել եմ, որ տղամարդը պետք է կապիկից մի քիչ գեղեցիկ լինի ու վերջ: Ինչ վերաբերում է կանանց, ապա տգեղ կին չկա. կա տգեղ շպար, տգեղ հագուստ, տգեղ սանրվածք: Կինը մեկ բան պետք է անի. այդ ամենը ճիշտ համադրի:

Ինքներդ ինչպե՞ս եք սովորաբար հագնվում:

Առօրյա կյանքում նախընտրում եմ ջինսերը: Կոստյում հագնում եմ միայն տոնական առիթներին:

Իսկ բրենդը նշանակություն ունի՞:

Նորաձեւության հետեւից չեմ ընկնում, չեմ էլ նայում հագուստի բրենդին: Կարելի է հագնվել ճաշակով եւ առանց բրենդի:

Ո՞վ է Ձեզ օգնում գնումներ կատարել:

Կինս՝ Հռիփսիմեն: Մենք միասին ենք շրջում խանութներով, քանի որ միասին ավելի արագ ենք կողմնորոշվում հագուստի ընտրության հարցում: Եվ գնումներ կատարում ենք տարբեր խանութներում:

Աշխարհում կա՞ մի անկյուն, որտեղ կցանկանայիք լինել:

Ուզում են կնոջս եւ որդուս հետ Բրազիլիա գնալ: Ցանկանում եմ նաեւ խաղալ բրազիլական «Vida Dura» սերիալում (ծիծաղում է):

 

Զրուցեց՝ Մարինա Ադուլյանը

 

 

 



© NEWS.am STYLE