Գոռ Վարդանյան. «Շուտով պատրաստ կլինի եւս երկու ֆիլմ, որտեղ կտեսնեք նաեւ մի շարք ճանաչված հոլիվուդյան դերասանների»

21:53   3 մարտի, 2013

Գոռ Վարդանյանի ներխուժելը հեռուստատեսություն շատերի համար հանելուկ մնաց: Ինչո՞ւ դա պատահեց, ի՞նչ էր նա ցանկանում հասկացնել մարդկանց իր ֆիլմերով եւ արդյո՞ք հասավ նպատակին: Իսկ գուցե նա կրկին պատրաստվում է ներկայանալ հեռուստադիտողին դերասանի կարգավիճակո՞վ: NEWS.am STYLE-ը որոշեց պարզել այս եւ մի շարք այլ հարցեր:

Գոռ, կա՞ն նախագծեր, որոնցով պատրաստ եք ապագայում ներկայանալ հայ հանդիսատեսին:

Այո: Աշխատում ենք մի քանի նախագծերի վրա: Մոտ ժամանակներս պատրաստ կլինեն երկու ֆիլմի սցենարները: Առաջինը «Օլիգարխ»-ն է, որը պատմում է Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին՝ 1990-ական թվականներից մինչ այսօր: Ֆիլմն ընկերության, դավաճանության, ընչաքաղցության, հուսահատության մասին է, եւ դաժան ու անընդունելի իրականությունը ներկայացնելը, կարծում եմ, դաստիարակչական նշանակություն կունենա: Երկրորդ ֆիլմը՝ «Ստվերները դրախտում», պատմում է Լոս Անջելոսում բնակվող արտագաղթածների մասին, վերհանում նրանց խնդիրները, բազմաթիվ հուզող հարցեր, որոնք անլուծելի են «երազանքների երկիր» Ամերիկայում: Ֆիլմն անգլերեն է, որում խաղալու են հոլիվուդյան մի շարք ճանաչված դերասաններ:

Իսկ «Վրիժառուն» Ձե՞ր գաղափարն էր: Եվ որքանո՞վ հասաք Ձեր նպատակին:

«Վրիժառու» եւ «Revenger 2» ֆիլմերը, կարելի է ասել, անցած տարիների ընթացքում կուտակված մեր ասելիքն էր: Ես, մեր ստեղծագործական խումբը բազմիցս քննադատություններ ենք լսել՝ կապված որոշ կերպարների վարքագծի, բառապաշարի վերաբերյալ: Հավատացե՛ք, անհնար ու նաեւ՝ վտանգավոր է թաքցնել ճշմարտությունը, իրականությանն ուղիղ նայելը կնպաստի բացասական երեւույթների վերացմանը: Ֆիլմի ամենաքննարկվող կերպարներից մեկը Սաքուլիկն է: Կարծում եմ՝ հասել ենք մեր նպատակին, որովհետեւ բազմաթիվ պաշտոնյաներ, օլիգարխներ սկսեցին ուշադրություն դարձնել իրենց երեխաներին: Իսկ հասարակության մեջ ձեւավորվեց «հո դու Սաքուլիկը չե՞ս» արտահայտությունը:

Կինոյում հանդես եք գալիս կատարյալ կերպարներով: Իսկ ինչպիսի՞ն է Գոռ Վարդանյանը կյանքում:

Ճիշտ կլինի, եթե հարցնեք ինձ շրջապատող մարդկանց: Ես շատ ակտիվ շփվում եմ հասարակության բոլոր շերտերի հետ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում, ու երբեք իմ եւ մյուսների միջեւ անջրպետ չեմ դրել, այսինքն՝ «աստղային» հիվանդությամբ չեմ տառապում:

Կփրկե՞ք որեւէ անծանոթի, եթե նույնիսկ Ձեզ վտանգ սպառնա:

Այո, իհարկե:

Հինգ բան, որն ամենաշատն եք կարեւորում Ձեր կյանքում:

Հավատարմություն, հայրենասիրություն, աշխատասիրություն, նպատակասլացություն եւ ազնվություն:

Երեք փաստ, որ չգիտեն Գոռ Վարդանյանի մասին:

Հավանաբար, չգիտեն, որ ես բարի, ուրախ, շփվող, սովորական մարդ եմ (ծիծաղում է):

Առօրյայում ի՞նչ եք հագնում:

Տարբեր՝ դասականից մինչեւ սպորտային: Կախված է օրվա գրաֆիկից:

Հագուստ ընտրելիս բրենդին ուշադրություն դարձնո՞ւմ եք:

Ոչ: Երբեք կարեւորություն չեմ տվել բրենդային հագուստին, կարեւորն այն հարմար լինի:

Խորհուրդ, որ կցանկանաք տալ հայ երիտասարդին:

Գիտեք, այսօր խորհուրդ տվողները շատ են: Իմ կարծիքով, չի կարելի հեղինակությունն օգտագործելով՝ սեփական խորհուրդները պարտադրել մեր երիտասարդներին: Պարզապես կցանկանամ անկոտրում կամք, հավատ վաղվա օրվա նկատմամբ. երբեք չի կարելի հուսահատվել, պետք է անընդհատ աշխատել: Իզուր մի վատնեք ձեր թանկագին ժամանակը սրճարաններում՝ ծխախոտի ծխի մեջ, գնացեք մարզական ակումբներ, լողավազաններ, զբաղվեք ինքնակրթությամբ եւ ձեր օրինակին կհետեւեն նաեւ ձեր երեխաները: Արդյունքում կունենաք հոգով ու մարմնով առողջ հասարակություն, որն այնքան անհրաժեշտ է մեզ...

 

Զրուցեց՝ Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE