Ինչպես նիհարել գունային դիետայի օգնությամբ

19:14   21 օգոստոսի, 2016

Գունային դիետայի գլխավոր սկզբունքը, որը նաեւ ծիածանային են անվանում, ամեն օր միեւնույն գույնի մթերք ուտելն է: Ամեն ինչ սկսվում է «սպիտակ» երկուշաբթիից եւ ավարտվում «թափանցիկ» բեռնաթափող օրով:

Ճաշացանկի մեջ կարելի է ներառել ինչպես բանջարեղեն եւ մրգեր, այնպես էլ կենդանական ծագման մթերքներ: Ավելի լավ է բանջարեղենը հում ուտել, տապակել կամ շոգեխաշել: Միսը եւ ձկնեղենը պատրաստել գոլորշու վրա կամ ջեռոցում: Հարկ է բացառել շաքարը, քաղցրեղենը, յուղոտ ուտեստները եւ սահմանափակել աղը:

Առաջարկված մթերքներից կարող եք ընտրել ցանկացածը եւ օրական մի քանի անգամ ուտել: Չմոռանաք շատ ջուր խմել՝ օրական 2 լիտրից ոչ պակաս:

Շաբաթվա գունավոր ճաշացանկ

Երկուշաբթի. սպիտակ

Թույլատրելի է՝ կարտոֆիլ, բրինձ, մակարոնեղեն, սպիտակ միս կամ ձուկ, ծաղկակաղամբ, կաթնամթերքներ, բանան: Սպիտակ մթերքները (օրինակ՝ մակարոնեղենը) В վիտամինների արժեքավոր աղբյուր են, սպիտակ միսը՝ սպիտակուցների:

Երեքշաբթի. կարմիր

Լոլիկ, բազուկ, կարմիր քաղցր պղպեղ, լոռամիրգ, բալ եւ այլ բանջարեղեն ու մրգեր, կարմիր ձուկ եւ լոբի: Կարմիր մրգերն ու բանջարեղենը պարունակում են անտոցիանին (արժեքավոր հակաօքսիդանտներ) եւ լիկոպին, որը օրգանիզմից դուրս է բերում խոլեստերինը:

Չորեքշաբթի. կանաչ

Վարունգ, սալաթի տերեւ, սպանախ, թրթնջուկ, բրոկոլի, բրյուսելական կաղամբ, կիվի եւ կանաչ գույնի այլ մրգեր ու բանջարեղեն: Կանաչ բանջարեղենն ամենաօգտակարն է դետոքսի եւ նիհարելու տեսակետից: Դրանք բջջանյութ եւ քլորոֆիլ են պարունակում, որոնք օրգանիզմը թթվածնով են հագեցնում:

Հինգշաբթի. նարնջագույն

Գազար, դդում, նարնջագույն քաղցր պղպեղ, խուրմա, չիչխան, ծիրան, դեղձ, կարմիր ձուկ, ծիրանաչիր, նարինջ: Նարնջագույն մրգերն ու բանաջարեղենը հարուստ են բետա-կարոտինով: Այս նյութն օգտակար է մաշկի եւ վարսերի համար, այն նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը:

Ուրբաթ. մանուշակագույն

Սմբուկ, հապալաս, մոշ, սեւ հաղարջ, խաղող, սեւ սալոր, սալոր, կարմիր կաղամբ, ռեհան: Այս գույնի մթերքները նպաստում են գլուտամինի արտադրմանը. ամինաթթու, որը լավագույնս է պայքարում տոքսինների եւ մանրէների դեմ:

Շաբաթ. դեղին

Ձվի դեղնուց (3-ից ոչ ավել), յուղի քիչ պարունակությամբ պանիր, դդմիկ, եգիպտացորեն, քաղցր պղպեղ եւ դեղին խնձոր: Դեղին բանջարեղենի եւ մրգերի մեջ շատ ֆլավոնոիդներ կան, որոնք լավացնում են մարսողությունը եւ խթանում ճարպերի այրումը:

Կիրակի. թափանցիկ

Սա հանգստի եւ բեռնաթափման օր է: Խորհուրդ է տրվում ոչինչ չուտել, կարելի է միայն ջուր խմել (2 լիտրից ոչ պակաս): 12-24 ժամվա ընթացքում (ոչ ավելի) սոված մնալը օգնում է բջիջները «կենսաբանական աղբի» մեծ մասից մաքրելուն:

Գունային դիետան հաշվարկված է 7 օրվա համար, որի ընթացքում հնարավոր է 4 կգ քաշ գցել: Դրանից ավել չարժե գունային դիետայով նիհարել: Վնասակար է երկար ժամանակ տարատեսակ մթերքների սահմանափակումը: Կարեւոր է հիշել՝ ցանկացած դիետա անարդյունք է առանց նյութափոխանակության արագացման: Թե ինչպես այն արագացնել՝ տես մեր տեսանյութում:

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE