Չքրտնող շապիկներ, որոնք կարելի է հագնել 1 ամիս

20:24   7 օգոստոսի, 2016

Հնարավո՞ր է նույն շապիկը հագնել մեկ ամիս եւ ավելի։ Կարծում եք՝ ոչ։ Կասկածամիտներին շտապում ենք տեղեկացնել, որ Կանադայում հագուստ արտադրող մի ընկերություն ստեղծել է չքրտնող շապիկներ, ներքնազգեստ եւ գուլպաներ, որոնք կարելի է հագնել 46 օր շարունակ։ Սա նշանակում է, որ այս ընկերության արտադրանքը շուտով դառնալու է ճանապարհորդների ճամպրուկների անբաժանելի մասը։

Ըստ դիզայներների՝ այս հագուստը կարված է մերինոսների բրդից, ինչի շնորհիվ այն կարելի է տեւական ժամանակ չլվանալ։ Այս բրդյա կտորը հակաբակտերիալ է եւ լվանում են միայն բծերի կամ լաքաների առաջացման պատճառով։ Ավելին, այս շապիկները ունեն ջերմաստիճանը կարգավորող հատկություն, ուստի դրանք անգամ կարող են ջերմացնել ձեր մարմինը։

Նշենք, որ հագուստի հեղինակներն արդեն փորձարկել են այն՝ հագնելով մարզասրահում, շոգեբաղնիքում, անգամ ճանապարհորդել են, բայց շապիկները մնացել են մաքուր եւ առանց հոտ։

Իսկ հիմա գների մասին։ Շապիկներից առկա են միայն սեւը եւ մոխրագույնը, եւ վաճառվում են 50 դոլարով։ Ներքնազգեստի տեսականին միայն սեւ է եւ արժե 35 դոլար։ Իսկ գուլպաներից առայժմ կա մոխրագույնը՝ 15 դոլար արժեքով։

Աղբյուր՝ Daily Mail 



© NEWS.am STYLE