Սքոթ Իսթվուդը լքել է «Ֆորսաժի» նկարահանումները

13:10   15 օգոստոսի, 2016

«Ֆորսաժ» ֆիլմի 8-րդ մասի նկարահանումների շուրջ սկանդալը շարունակվում է։ Հիշեցնենք, որ օրերս Դուեյն Ջոնսոնը վիրավորել էր «Ֆորսաժի» դերասանական անձնակազմին։ Ժապավենի առանցքային դերասաններից Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, իր գործընկերներին «նուրբ  հետույքներ» էր անվանել եւ մեղադրել նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ։ 44-ամյա դերասանը նշել է, որ նկատի է ունեցել Վին Դիզելին, որը ֆիլմի գլխավոր հերոսը լինելուց բացի, նաեւ պրոդյուսերն է։

Եվ մինչ քննադատները գուշակում են, թե իրականում թիմում խնդիրնե՞ր կան, թե՞ ամեն բան արվում է հավելյալ գովազդի համար, ֆիլմի առանցքային դերասաններից մեկը՝ Սքոթ Իսթվուդը, Instagram–ում հայտնել է, որ լքում է նկարահանման հրապարակը։

Դերասանը տեսանյութ է հրապարակել, սակայն դեռեւս հասկանալի չէ, թե Սքոթը նկարահանումները լքել է վեճի պատճառով, թե պարզապես նկարահանվել է իրեն բաժին ընկնող բոլոր կադրերում։

Ըստ երեւույթին, Ատլանտայում ընթացող նկարահանումների հիմնական մասն ավարտվել է։

«Ահա եւ վերջ, հավաքվում ենք։ Ես հիանալի ժամանակ անցկացրեցի 8-րդ մասի նկարահանումներում։ Բոլորը հիանալի էին։ Մեր թիմը շատ աշխատեց։ Առանց պրոֆեսիոնալների այս թիմի, մենք ոչինչ ենք»,– տեսանյութի մեկնաբանել է դերասանը։



© NEWS.am STYLE