Քիմ Քարդաշյան. Ինչու՞ ես չեմ կարող ինձ ֆեմինիստ անվանել

11:11   16 օգոստոսի, 2016

Քիմ Քարդաշյանն իր kimkardashianwest.com կայքում ֆեմինիզմի մասին փոքր հոդված է գրել։

«Ինձ համար ֆեմինիստը նա է, որ պաշտպանում է մարդկանց իրավահավասարությունը՝ անկախ սեռից, նա, ով համարում է, որ կանայք պետք է ունենան այն նույն հնարավորությունները, ինչ տղամարդիկ, երբ խոսքը կրթության, աշխատանքի, վարձատրության, կենսակերպի եւ սեփական արտաքինի մասին է։

Իհարկե, ֆեմինիզմի գաղափարներն ինձ հարազատ են։ Ուրախ եմ, որ կանանց իրավունքներն ու հնարավորություններն ընդլայնվում են։ Շրջապատում ինձ անգամ  կարող են ֆեմինիստ անվանել, քանի որ ես շատ եմ աշխատում, ամեն բանի ինքնուրույն եմ հասել, ինձ վստահ եւ հարմարավետ եմ զգում իմ մարմնում, ինչպես նաեւ կանանց կոչ եմ անում անկեղծ եւ ազնիվ լինել գեղեցկության եւ սեքսուալության հարցերում։

Սակայն ինձ դուր չի գալիս պիտակների սկզբունքը, որոնք ստիպում են մեզ դնել։ Դու հանրապետական ես, դու դեմոկրատ ես, դու բիսեքսուալ ես, plus size ես, աղքատ ես, հանցագործ ես, մայր ես, ֆեմինիստ ես... ես մարդ եմ եւ իմ մտքերը, դատողություններն ու զգացմունքներն ունեմ տարբեր հարցերում։ Ինձ պետք չէ, որ իմ համոզմունքները շրջանակների մեջ դնեն։

Հասարակության անդամներին խմբերի եւ տեսակների բաժանելով՝ մենք նպաստում ենք մարդկանց բաժանմանը։ Մարդը լիովին կարող է պաշտպանել հարեւան «խմբի» իր «ընդդիմադրի» համոզմունքներն ու նպատակները։

Մեզ բոլորիս միավորում է իրավահավասարության համար պայքարը, որը պետք է բոլորին՝ անկախ սեռից, սեռական կողմնորոշումից եւ մաշկի գույնից։ Ինձ դուր չի գալիս, երբ  անձնական ընտրությունը պիտակավորում են։ Ես միշտ պայքարելու եմ կանանց իրավունքների համար։

Ես նրանց լիակատար աջակցություն եմ հայտնում։ Բայց, վերջին հաշվով, ոչ ոք չպետք է իր վրա ճնշում զգա։

Չեմ ուզում կարծրատիպ կրել իմ վրա, որը կորոշի իմ արժեքային համակարգն ու իդեալները»,– իր դիրքորոշումն է հայտնել Քիմ Քարդաշյանը։



© NEWS.am STYLE