Ահա եւ վերջ. Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը պայմանավորվել են ապահարզանի պայմանների մասին

11:05   17 օգոստոսի, 2016

Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը պայմանավորվել են ապահարզանի պայմանների մասին: Ակնկալվող ամենաաղմկահարույց ապահարզանի գործընթացն ավարտվեց նույնքան արագ, որքան սկսվել էր: 30-ամյա դերասանուհին հետ է վերցրել հայցն ու այլեւս նախկին ամուսնուն ամուսնական բռնության մեջ չի մեղադրում:

Ըստ TMZ-ի՝ կողմերը պայմանավորվել են գումարի մասին, որը 53-ամյա դերասանը վճարելու է Էմբերին: Վերջինը, ի դեպ, նույնիսկ հրաժարվել է արգելքից, որը Ջոնիին կպարտադրեր 100 մետր հեռավորություն պահպանել: Այս հայցը հետ է կանչվել՝ պայմանով, որ Էմբերը երբեք չի կարողանա այն նորից ներկայացնել:

Փոխարենը դերասանուհին 7 մլն դոլարի հատուցում կստանա՝ չնայած նախապես 8 միլիոնի հույս ուներ: Դերասանները նաեւ իրենց ամուսնալուծության հետ կապված պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել:

«Մեր հարաբերությունները միշտ կրքոտ, երբեմն՝ նույնիսկ պայթյունավտանգ են եղել, բայց գլխավորը, որ մեզ միավորել է, սերն է: Էմբերը Ջոնիին լավագույնն է մաղթում: Ապահարզանից հետո ստացված ֆինանսական միջոցների մի մասը նա բարեգործական նպատակներով է ծախսելու»,- ասված է հաղորդագրությունում:



© NEWS.am STYLE