«Բշտիկյանի մեջի Ասքանազ» Սեպուհ Ապիկյանը՝ իր դերերի մասին (ֆոտո)

19:49   6 մարտի, 2013

Դերասան Սեպուհ Ապիկյանին շատերը ճանաչում են որպես «Ճպըլի» կամ «Ասքանազի»: «Վերվարածները» հեռուստասերիալից հետո նա, կարծես, զիջեց  դիրքերը՝ քաշվելով մի կողմ եւ մարմնավորելով արդեն ոչ այդքան հայտնի կերպարներ: Սակայն շուտով Սեպուհին կտեսնենք Yere1-ի նոր եթերաշրջանում: NEWS.am STYLE-ը որոշեց զրուցել դերասանի հետ այս եւ մի շարք այլ հարցերի մասին:

Սեպուհ, հայ հանդիսատեսը սովոր է ձեզ ընկալել այն կերպարներով, որոնց մարմնավորել եք «Վերվարածներում»: Կյանքում դա Ձեզ խանգարո՞ւմ է:

Ինձ, համոզված եմ, նաեւ` գործընկերներիս, դա խանգարում է այնքանով, որ գոյություն ունի հայկական սպեցիֆիկա-մենտալիտետ, երբ հայ հանդիսատեսը դերասանին դատում է իր իսկ մարմնավորած կերպարով: Խոսքս հատկապես վառ կերպարների մասին է, որոնցով շրջապատված ենք առօրյայում, այլ ոչ թե սովորական՝ ստանդարտ եւ «սերիալական»: Ցավոք, մեր երկրում դեռեւս զարգացած չի տարրական էթիկան եւ կուլտուրան՝ միմյանց վերաբերվելու առումով:

Հայաստանում հայտնի լինելը, առավել եւս՝ ինչ-որ վառ եւ կատակերգական կերպարով, շատ բարդ պատասխանատվություն է, երբ միշտ ժողովրդի ուշադրության կենտրոնում ես: Ամեն տեղ, ամեն վայրում… Եվ չես կարող հանգիստ մտնել, օրինակ, սուպերմարկետ՝ գնումներ կատարելու:

Իսկ ինչո՞ւ են Ձեզ այդպիսի դերեր առաջարկում:

Չեմ կարող ասել: Միգուցե դո՞ւք կասեք (ծիծաղում է):

Իսկ Yere1-ի նոր եթերաշրջանում ի՞նչ դեր եք խաղալու:

Օգտվելով առիքից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ ընկերներ եւ գործընկերներ Արմեն Պետրոսյանին եւ Գրիգոր Դանիելյանին՝ ինձ հրավիրելու համար: Խաղալու եմ Ղափլանյանների ստախոս ընտանիքի հոր դերը: Էլի ինչ-որ աֆերիստ եւ տարիքով մարդու դեր: Ճակատիս գրված է երեւի... Բայց, իհարկե, ամբողջությամբ տարբեր բնավորությամբ եւ տեսքով:

Իսկ, ըստ Ձեզ, եթե լուրջ կերպարով հանդես գաք, կարծում եք, հանդիսատեսի կողմից կընկալվի՞:

Դե, երեւի այդ արդեն կախված է նրանից, թե ինչպե՞ս այն կմարմնավորեմ:

Իսկ կա՞ մի դեր, որ միշտ ցանկացել եք խաղալ, բայց չի ստացվել:

Իհարկե, կա: Այդ առումով կասեմ միայն... Ցավոք, ես նկատի չունեմ միայն ինձ, այլ նաեւ գործընկերներիս... Ցավոք, մեր հայ ռեժիսերները, լինելով, իրոք, տաղանդավոր, մեկ թերություն ունեն. չեն կարողանում տեսնել դերասանին, թափանցել նրա ներաշխարհ եւ հասկանալ, թե ինչ բազմատեսակ կերպարներ կարելի է ստանալ տվյալ արտիստից: Նրանք էլ հիմնվում են այդ պարզունակ մտածելակերպի վրա, թե դերասանը խաղացել է, ասենք, մեծ մարդ, կամ բացասական դերեր, նրան միայն նման կերպարներ են առաջարկում: Իսկ դա արդեն մասնագիտական մոտեցում չեմ համարում:

Այո, միշտ հումորային կերպարներով եք հանդես եկել: Իսկ Ձեր կյանքում ի՞նչ տեղ է զբաղեցնում հումորը:

Հումորը մեծ արվեստ է եւ շատ յուրահատուկ: Կասեի՝ նաեւ դժվար: Պետք է կարողանալ համոզել հեռուստադիտողին՝ ծիծաղել տվյալ իրավիճակի ժամանակ (հենց իրավիճակի, այլ ոչ թե դերասանի վրա)... Հումորային կերպարներով հանդես եկող դերասանները եռակի անգամ ավելի շատ էներգիա են վատնում, քան ինչ-որ «հերոսի» դեր խաղացողները: Շատերը մեր էկրաններին խաղում են իրենք իրենց եւ ոչ մի կերպար չեն կերտում: Իսկ դա արդեն մեր թաղամասում ապրող Միշիկ ձյաձյան էլ է կարող:

Սիրում եմ խաղալ հումորային կերպարներ, բայց, անկեղծ ասած, արդեն ձանձրացել եմ նույն իրավիճակից: Կցանկանայի գոնե մեկ անգամ հանդես գալ խաղալ իմ տարիքին համապատասխան մեկի դերում: Ինչ-որ դրական, բարի կերպար մարմնավորել: Ինչ վերաբերում է հումորին, ապա շատ կատակասեր եմ եւ սիրում եմ կատակել նույնիսկ էքսցենտրիկության աստիճանի, եթե իրավիճակն ու տրամադրությունս թույլ են տալիս:

Ընդհանրապես, ինչպիսի՞ն եք առօրյայում:

Էկրանի վրա երեւացող կերպարների 180 աստիճան հակառակը: Չեմ սիրում շատ խոսել: Եթե ինչ-որ բան պետք է անեմ՝ անում եմ: Ապացուցում եմ արարքով, ոչ թե խոսքով: Բացի այդ, ահավոր սնդիկ եմ:

Փողոցում Ձեզ ինչպե՞ս են դիմում:

Տարբեր անուններով: Դաստիարակված մարդիկ հաճախ դիմել են իմ անունով՝ Սեպուհ: Պատահել է՝ դիմել են «Ճպըլ»-ով կամ Ասքանազով: Կամ պարոն փոխգնդապետ, կամ Բշտիկյան ջան… Մի անգամ նույնիսկ պարադոքս ստացվեց: Մի երիտասարդ աղջիկ՝ շատ հմայիչ եւ կրթված տեսքով, բարձրաձայն ճչած. «Վաաաաաաաաա՜յ, տեսեե՜ք, էսի Բշտիկյանի մեջի Ասքանազն ա» (ծիծաղում է):

Զրուցեց՝ Մարինա Ադուլյանը




© NEWS.am STYLE