Լեոնարդո Դի Կապրիոն իր բարեգործական հիմնադրամի միջոցով մալայզիական կարտելի փողե՞րն է լվացել

12:40   18 օգոստոսի, 2016

Կարծես թե Լեոն մտել է  «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի իր հերոսի դերի մեջ: Հուլիսի վերջին Սեն Տրոպեում հոլիվուդյան դերասանը իր հերթական բարեգործական երեկոն էր կազմակերպել՝ հավաքելով ավելի քան 45 մլն դոլար: Երեկոյին ներկա էին Նաոմի Քեմփբելը, Դաուցեն Քրեզը, Մըրայա Քերրին եւ այլ աստղեր:

Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամի գոյության կարճ ժամանակահատվածում (2008-ից) 112 նախագիծ է իրականացվել 48 երկրներում՝ 60 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

Այդ երեկոյին աճուրդում ներկայացված են եղել Պիկասոյի մի քանի նկարներ, Առնոլդ Շվարցենեգերի Harley Davidsons-ներից մեկը, Giorgio Armani-ի ձեռագործ զգեստը, նաեւ հանգստի փաթեթ Դի Կապրիոյի նորաձեւ հյուրանոցում՝ Փալմ Սփրինգսում:

Եվ ահա պարզ երկնքում ամպրոպի նման պայթեց  The Hollywood Reporter-ի նորությունը, թե Լեոնարդո Դի Կապրիոյի բարեգործական ֆոնդին կասկածում են փողեր լվանալու եւ կասկածելի մալայզիական ֆոնդի հետ կապերի մեջ:

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի շրջանային դատարան: Ստուգող մարմինները օսկարակիր դերասանի ֆոնդին կասկածում են ավելի քան 3 մլրդ դոլարի չափով խարդախությունների մեջ: Գումարը, ենթադրաբար, փոխանցվել է Մալայզիայի ազգային բարեկեցության ֆոնդից: Հիմա պետական մարմիններն ուզում են ստուգել, թե Leonardo DiCaprio's Foundation-ը որքան գումար է ծախսում բարեգործական նախագծերի եւ այլ նպատակների համար:

Փորձագետները նշում են, որ Դի Կապրիոյի ֆոնդը յուրօրինակ կառուցվածք ունի: Այն ստեղծվել է որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, այդ պատճառով պարտավոր չէ իր եկամուտների, ծախսերի եւ վճարումների մասին տեղեկություն ներկայացնել:

Հարուստ մարդիկ կարող են անանուն նվիրատվություն կատարել: Հայտնի է, որ Սեն Տրոպեում միջոցառման տոմսերն արժեցել են 10 հազար եվրոյից սկսած:

Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է 500 հյուրերի, որոնց թվում՝ օլիգարխներ եւ աստղեր: Շատերը նկատել էին գալա երեկոյին Լեոյի վաղեմի ընկեր եւ ֆոնդի մշտական հովանավոր մալայզիացի գործարար Ջոու Լոյի բացակայությունը:

Իշխանությունները նրան կասկածում են պետական միջոցների յուրացման եւ փողերի լվացման մեջ: Այդ կապակցությամբ ստվեր է ընկել նաեւ Leonardo DiCaprio's Foundation-ի վրա:



© NEWS.am STYLE