Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյում

13:31   18 օգոստոսի, 2016

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա աշնան սկզբին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը։

Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության շրջանում։ Գլխավոր դերակատարներն են հանրահայտ դերասաններ Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեկը։

Համացանցում բացի առաջին երկու կադրերից, հայտնվել է նաեւ ֆիլմի հակիրճ նկարագրությունը.

«Միքայելը համեստ հայ դեղագործ է, որը հեռանում է հարազատ գյուղից Կոստանդնուպոլիս՝ բժշկություն ուսումնասիրելու։ Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, որը աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու համար նույնպես հայտնվում է այնտեղ։ Քրիսը հարաբերությունների մեջ է Փարիզում կրթություն ստացած հայ նկարչուհի Անայի հետ։ Երբ Մայքլը հանդիպում է Անային, ընդհանուր ժառանգությունը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց ռոմանտիկ մրցակցության պատճառ է դառնում։ Սակայն շուտով Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմում միանում է Գերմանիային եւ սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին։ Եվ չնայած միմյանց միջեւ կոնֆլիկտին՝ հերոսները կանգնում են իրենց կյանքը փրկելու խնդրի առաջ»։

Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ հայտնի բարերար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ։

Ավելացնենք, որ ֆիլմը վարձույթում կհայտնվի 2016-ի դեկտեմբերին։

 

Աղբյուրը՝ Theplaylist.net

 

 



© NEWS.am STYLE