Կարապի լճում երրորդ անգամ կայացավ Երեւանի Գարեջրի փառատոնը (ֆոտո եւ տեսանյութ)

21:45   20 օգոստոսի, 2016

Երեւանում այսօր՝ օգոստոսի 20-ին, «Երեւանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակներում մեկնարկեց Գարեջրի ամենամյա փառատոնը։

«Երեւանում արդեն երրորդ տարին է անցկացվում Գարեջրի փառատոնը։ Սա տուրիստական բաղադրիչ ունեցող փառատոն է։ Ամեն տարի մասնակից ընկերությունների քանակը մեծանում է։ Այս տարի մասնակցում է 15 ընկերություն, ունենք 20 տաղավար։ Փառատոնին առաջին անգամ մասնակցում է ԼՂՀ-ի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը։ Մենք նպատակ ունենք Երեւանը դիրքավորել՝ որպես գարեջրի խոր արմատներ ունեցող քաղաք»,-նշեց Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Ի դեպ, փառատոնին ներկա էին թե մեծահասակներ, թե երիտասարդներ, թե նույնիսկ դեռահասներ։ Սակայն վերջիններիս գարեջուր վաճառելն արգելված է։ Սա մտնում է փառատոնի կանոնների մեջ։

«Մեզ մոտ հստակ կանոններ են գործում՝ անվտանգության տեսանկյունից ելնելով՝ անվճար գարեջուր հյուրասիրելը բացառվում է, երկրորդ՝ ապակե բաժակներով վաճառք չի լինում եւ մեր մյուս պայմանը՝ անչափահասներին արգելվում է գարեջուր վաճառաել»։

Չնայած այս արգելքներին՝ այսօր ուրախանում եւ պարում էին բոլորը։ Ինչպե՞ս է անցել գարեջրի փառտատոնը. այս մասին ավելի ցայտուն կպատմեն մեր կողմից արված լուսանկարներն ու տեսանյութը։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE