Սերժ Թանկյանը՝ Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ

11:55   24 օգոստոսի, 2016

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի ստեղծման վրա աշխատում է  պրոֆեսիոնալ թիմ։ Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը ընտրել է տաղանդավոր եւ իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել եւ ուրիշներ։

Անժելա Սարաֆյան

Իսկ ճիշտ, ստացված ու ազդեցիկ սաունդթրեքի համար դիմել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին։

«Ուրախ եմ, որ ավարտեցի այն գեղեցիկ երգը, որը գրել եմ «Խոստում» ֆիլմի համար։ Ֆիլմը սիրո պատմություն է Ցեղասպանության վերջին օրերին»,- սոցցանցերում գրել է Թանկյանը։

Фото опубликовано Serj Tankian (@serjtankian)

Հիշեցնենք, որ  Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

Համացանցում արդեն հայտվել են ֆիլմի առաջին երկու կադրերը, ինչպես նաեւ հակիրճ նկարագրությունը.

«Միքայելը համեստ հայ դեղագործ է, որը հեռանում է հարազատ գյուղից Կոստանդնուպոլիս՝ բժշկություն ուսումնասիրելու։ Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, որը աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու համար նույնպես հայտնվում է այնտեղ։ Քրիսը հարաբերությունների մեջ է Փարիզում կրթություն ստացած հայ նկարչուհի Անայի հետ։ Երբ Մայքլը հանդիպում է Անային, ընդհանուր ժառանգությունը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց ռոմանտիկ մրցակցության պատճառ է դառնում։ Սակայն շուտով Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմում միանում է Գերմանիային եւ սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին։ Եվ չնայած միմյանց միջեւ կոնֆլիկտին՝ հերոսները կանգնում են իրենց կյանքը փրկելու խնդրի առաջ»։

Ավելացնենք, որ ֆիլմը վարձույթում կհայտնվի 2016-ի դեկտեմբերին։

 

 



© NEWS.am STYLE