Արփին, Միհրանը, Իվետան, Ադրիանան եւ այլ հայտնիներ` հայ նկարչուհու աչքերով

13:37   25 օգոստոսի, 2016

19-ամյա Մետաքսյա (Մեստ) Շմավոնյանը սովորում է Գեղարվեստի ակադեմիայում: Մետաքսյան դեռ մանկուց է տարված եղել նկարչությամբ, սակայն միայն 1.5 տարի առաջ է սկսել հաճախել պրոֆեսիոնալ դասընթացների: Նկարչուհին  ուղղակի, հիացնում է հայկական եւ արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների իր դիմանկարներով:

«Փնտրում ենք տաղանդներ» խորագրում այս անգամ ձեզ համար կբացահայտենք երիտասարդ նկարչուհու տաղանդը.

«Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եմ եւ նկարում եմ հագուստ: Ունեմ նաեւ փոքր-ինչ տարօրինակ նկարներ, որոնք բացատրություն չունեն, ուղղակի թղթին եմ հանձնել իմ մտքերը: Նախկինում նկարել եմ անծանոթ մարդկանց եւ տարբեր ազգերի ներկայացուցիչների»:

Այժմ Մետաքսյայի աշխատանքների մեջ գերակշռում են աստղային դիմանկարները: Իվետա Մուկուչյան, Արփի Գաբրիելյան, Միհրան Ծառուկյան, Ադրիանա Գալստյան, Մենչ, Գրիգոր Դանիելյան, Քիմ Քարդաշյան, Բեյոնսե... սրանք միայն կեսն են այն հայտնի անունների, որոնց երբեւէ նկարել է Մենտաքսյան:

«Հիմնականում, նկարում եմ նրանց, ում աշխատանքը հավանում եմ: Եթե սիրելով չնկարեմ, ինքնըստինքյան լավ չի ստացվի»:

Մետաքսյայից հետաքրքրվցինք` արդյո՞ք հայտնիները տեսել են իրենց դիմանկարներն ու ինչպե՞ս են արձագանքել.

«Մենչն ու Գրիգոր Դանիելյանը տեսել են եւ շատ դրական են արձագանքել, ասել են, որ լավ է ստացվել»:

Մետաքսյան երազում է ապագայում դառնալ լավ դիզայներ.

«Ինձ համար դա ավելի շատ նպատակ է, քան երազանք: Հուսով եմ` մի քանի տարուց արդեն լուրջ քայլեր կանեմ այդ ուղղությամբ»:

Տաղանդավոր նկարչուհուն հաջողություն ենք մաղթում իր նպատակներն իրականացնելու ճանապարհին, իսկ մինչ այդ` ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա լավագույն աշխատանքներից մի քանիսը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE