Միայն ավարտելուց հետո իմացա, որ այդ զգացմունքը փոխադարձ էր. «աշակերտուհի» Լիա Զախարյանը` NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

12:08   1 սեպտեմբերի, 2016

Դպրոցական առօրյան  մարդու կյանքի ամենաանհոգ եւ հիշարժան շրջանն է: Հենց այսօր` սեպտեմբերի 1-ին, մի շարք փոքրիկներ առաջին անգամ մուտք կգործեն դպրոցական կյանք` ստեղծելով իրենց ուրույն հուշերը:

Դերասանուհի Լիա Զախարյանը վաղուց արդեն դպրոցական չէ, սակայն նրա համար մինչ օրս խորթ չեն դպրոցական հիշողությունները:

Լիան սովորել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում: NEWS.am STYLE-ի ֆոտոշարքից հետո, սակայն, նրա համար ոչ պակաս սիրելի դարձավ նաեւ իմ հարազատ` Երեւանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցը, որի դասասենյակներից մեկում էլ (ի դեպ, իմ դասասենյակն է:)) իրականացրեցինք մեր դպրոցական ֆոտոշարքը:

Նկարահանումներից հետո հիշեցինք դպրոցը, ժպտացինք, հուզվեցինք եւ կիսվեցինք հուշերով: Ահա, թե ինչպիսի աշակերտուհի է եղել Լիա Զախարյանը: 

-Լիա, հիշո՞ւմ ես քո առաջին սեպտեմբերի 1-ը: 

-Այո, իհարկե հիշում եմ: Այս պահին, նույնիսկ, շատ հուզիչ է այդ օրը հիշելը: Հագել էի ջինսե շրջազգեստ եւ սպիտակ վերնաշապիկ: Շրջազգեստս մեծ էր ինձ վրա, քանի որ շատ նիհար էի ու, առհասարակ, իմ չափսերով ոչ մի զգեստ չէինք կարողանում գտնել: Մազերս կարճ էին, բայց դրանք հավաքել էի սպիտակ բանտով: Լավ հիշում եմ, երբ մտա դասարան, անդադար գոռում էի. «Մամա, սոված եմ…»: Ծնողներից մեկն ինձ թխվածքաբլիթ տվեց եւ ես այն սկսեցի բոլորի մոտ ուտել: Չգիտեի` ինչպես պետք է ինձ պահեմ: Բայց փոխարենը, երբ ուսուցիչը հարցրեց, թե ով կարող է 1-ից մինչեւ 10-ը հաշվել, ես միակ աշակերտն էի, որը կանգնեց եւ հաշվեց: 

-Ինչպիսի՞ աշակերտուհի ես եղել: 

-Մինչեւ ութերորդ դասարան գերազանց եմ սովորել, սակայն չարաճճի եմ եղել: Դրանից հետո, երբ արդեն կենտրոնացել էի բուհ ընդունվելու վրա, կային մի քանի նպատակային առարկաներ, որոնք սկսեցի խորացված ուսումնասիրել, արդյունքում տուժեցին դպրոցի մյուս առարկաները: Հիշում եմ, որ չէի սիրում արտագրել: Եթե տնայիններս չէի կատարում, դասարանում էլ չէի արտագրում: Ուսուցչուհիս ասում էր. «Ինչո՞ւ, գոնե, չես արտագրել»: Նշում էի, որ իմաստ չեմ գտնում խաբելու ո՛չ ինձ, ո՛չ նրանց: Ըմբոստ պահվածքիս պատճառով ինձ, նույնիսկ, համեմատում էին «Վերվարածները» հեռուստասերիալի Համեստի հետ:) 

-Ո՞ր առարկաներն էիր սիրում դպրոցում: 

-Շատ էի սիրում կենսաբանություն, աշխարհագրություն, պատմություն առարկաները: Ավելի ուշ սկսեցի սիրել հայ գրականությունը: Լավ էի սովորում, բայց շատախոս էի: Երբեմն ուսուցիչներս դիտավորյալ ընդհատում էին աշակերտներից մեկին ու ինձ ասում, որ շարունակեմ պատմել ու ես միանգամից սկսում էի շարունակել նրա միտքը: Ասում էին, որ միայն ուղեղիս ու հիշողությանս համար են ինձ  հինգ նշանակում: 

-Մինչեւ հիմա կապ պահո՞ւմ ես դպրոցական ընկերներիդ հետ: 

-Այո, գրեթե, բոլորի հետ շփվում եմ: Ճիշտ է` տարին երկու անգամ եմ գնում Գորիս, բայց կապ շարունակում եմ պահել դասարանցիներիս հետ. թե՛ աղջիկների հետ եմ շփվում, թե՛ տղաների: Մեր դասարանում, գրեթե, բոլոր աղջիկներն արդեն ամուսնացած են, ունեն փոքրիկներ: Հաճախ եմ տեսակցում նրանց, իրենց էլ հաճախ հրավիրում եմ Երեւան` մեր տուն:

-Ունե՞ս հատուկ հուշեր կապված դպրոցի հետ:

-Դպրոցի հետ կապված շատ հուշեր ունեմ: Բայց հիմա կհիշեմ մեկը… Մորեղբորս կինն իմ դասընկերոջ հորաքրոջ աղջիկն է, եւ երբ նա բալիկ ունեցավ, ես ու մեր դասարանի Հակոբը որոշեցինք, որ պետք է հատուկ առիթով նշենք այդ իրադարձությունը: Տորթով եւ շոմպայնով գնացինք դասի ու այնտեղ նշեցինք, բայց դա մեզ բավական չէր: Այնուհետեւ որոշեցինք փախչել դասից ու գնալ որեւէ տեղ զվարճանալու, իսկ հաջորդ օրն էլ որոշեցինք դասի չգնալ եւ հանգստանալ… Եւ այդպես` մեզ տասը օր պատժեցին, տարել էին դպրոցի ամենացուրտ դասարանը: Այնտեղ ոչ լույս կար, ոչ ջեռուցում: Երբ տասն օր անց տեղափոխվեցինք ուրիշ դասարան, արդեն բոլորս հիվանդացել էինք: Բայց միեւնույն է միշտ կազմակերպում էինք նման փախուստներ: 

-Հաճա՞խ ես հիշում դպրոցական տարիներդ: 

-Շատ հաճախ… Ես ու մայրիկս երբեմն միասին դիտում ենք իմ «Վերջին զանգի» տեսագրությունը: Շատ ակտիվ աշակերտուհի եմ եղել. ե՛ւ երգում էի, ե՛ւ պարում…Շատ համախմբված դասարան ենք եղել: Հաճախ զանգահարում ենք միմյանց եւ կիսվում հուշերով: 

-Ի՞նչն ես ամենից շատ կարոտում` հիշելով այդ տարիները:

-Երեւի` մեր անհոգ ու աշխույժ օրերը: Չի եղել մի օր, որ գնանք դասի եւ հետո, ուղղակի, գանք տուն: Այժմ, կարծես թե, դպրոցականների առօրյան այլ է: Մենք հաճախ էինք միասին գնում պարելու, զվարճանալու: Նույնիսկ մեր փախուստներն էինք հետաքրքիր անցկացնում: Հիշում եմ` մի անգամ անցել էինք Գորիսի սահմանը, հասել էինք Զանգեր: Ճանապարհի վրա ոստիկանները մեզ բռնեցին եւ իրենց ավտոմեքենայով տարան դպրոց: Տնօրենը շատ էր բարկացել, պատժեց մեզ եւ ուղարկեց մաթեմատիկայի դասին: Սակայն, նույնիսկ, դա մեզ չխանգարեց: Դասից հետո կազմակերպեցինք մեր հերթական փախուստը…:) 

-Լիա՛, գաղտնիք չէ, որ հաճախ համադասարանցիների միջեւ ծնվում է գեղեցիկ զգացմունք: Քեզ սիրահարվե՞լ են դպրոցում: 

-Այո, եղել է, որ նաեւ զուգահեռ դասարաններից են սիրահարվել ինձ: Մի դասընկեր ունեի, որն ինձ էր սիրում առաջին դասարանից մինչեւ չորրորդ դասարան: 

-Իսկ դո՞ւ…

-Ես առաջին դասարանից մինչեւ տասներորդ դասարան մի հոգու եմ սիրահարված եղել, սակայն միայն ավարտելուց հետո եմ իմացել, որ այդ զգացմունքը փոխադարձ էր:) 

-Վերջին անգամ ե՞րբ ես եղել քո հարազատ դպրոցում: 

-Այս տարի` փետրվար ամսին: Գնացել էի Գորիս` հանգստանալու: Գնացի նաեւ դպրոց, հանդիպեցի ուսուցիչներիցս մի քանիսին: Այնքան հաճելի է, որ ինձ հիշում են: Ասում են, որ դիտում են իմ մասնակցությամբ ֆիլմերը, սակայն նշում են, որ կյանքում ավելի փոքր եմ երեւում, քան հեռուստաէկրաններին: Նաեւ ասում են, որ հպարտանում են ինձանով: Շատ հաճելի է դա լսել…

-Ի՞նչ կմաղթես բոլոր աշակերտներին` սեպտեմբերի 1-ի առթիվ, հատկապես, նրանց, ովքեր այսօր առաջին անգամ են գնում դպրոց: 

-Բոլորին մաղթում եմ, որ ունենան հաջող ուսումնական տարի: Լինեն անհոգ եւ հաջողակ: Իմ դպրոցական հուշերն այնքան վառ են, որովհետեւ ապրել եմ, որովհետեւ սովորել եմ, որովհետեւ ունեցել եմ լավ դասարան եւ լավ ուսուցիչներ: Մաղթում եմ, որ բոլորն էլ այդպիսի լավ հիշողություններով ավարտեն դպրոցը: Դպրոցական տարիներն ամենաանհոգն են: Այդ շրջանում մենք միայն մտածում ենք լավ գնահատականի եւ գեղեցիկ ձեռագրի մասին: Վայելեք եւ մի ձգտեք շուտ մեծանալ: Հավատացեք` դեռ շատ եք կարոտելու ձեր կյանքի այս շրջանը:

Երեւանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի աշակերտուհի` Սյունե ԱռաքելյանSmile

Լուսանկարները` Արման Ղարիբյանի



© NEWS.am STYLE