VARDA-ն կրակ կշնչի եւ Հայաստանում պարի դպրո՞ց կբացի (ֆոտո, վիդեո )

15:04   7 մարտի, 2013

Հայկական արմատներով հայտնի երգչուհի եւ պարուհի, «Pole dance» մրցույթի հաղթող VARDA-ն (Վարդանուշ Մարտիրոսյան) պատրաստվում է պարի դպրոց բացել, որտեղ նրա մշակած մեթոդով կանայք կսովորեն դասական պարեր՝ այդպիսով ազատագրվելով բարդույթներից: Առայժմ դպրոցը բացվելու է միայն Ուկրաինայում, սակայն չի բացառվում, որ մասնաճյուղ ունենա նաեւ Հայաստանում:

Պարուհին հայ հանդիսատեսին պատրաստվում է ներկայանալ ակրոբատիկ եւ վոկալ համարներով: VARDA-ի «Աստվածուհի» վիթխարի շոուն կդառնա 2013-ի ամենից սպասված երաժշտական իրադարձությունը: Ցնցող հագուստներ, հրե շոու, գրգռող պարային համարներ, ինչպես նաեւ արտոնագրված յուրահատուկ պար հորիզոնական ձողի վրա. եւ այս ամենը՝ էրոտիկայով համեմված:

VARDA-ի ծրագրի հիթերից մեկը նրա կողմից արտոնագրված պարն է հորիզոնական ձողի վրա. ձողը բռնելու են երկու տղամարդ, իսկ պարուհին դրա շուրջ բարդ համարներ է կատարելու: Ոչ պակաս վտանգավոր եւ գրավիչ է լինելու նաեւ «հրե» համարը, որի ժամանակ VARDA-ն բառացիորեն կրակ է «շնչելու» եւ դրանով պարելու: Բայց եթե այս ամենը ցուցադրել է իր նախկին համերգների ընթացքում նույնպես, ապա հայ հանդիսատեսի համար նա անակնկալ է պատրաստել: Գաղտնիքը բացել VARDA-ն չցանկացավ, սակայն NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին պատասխանեց, որ հսկայական էկրանին որոշ տեսողական պատկեր է պատրաստել:



© NEWS.am STYLE