10 րոպե հոտնկայս ծափահարություններ ու «Օսկարի» հայտ. Մել Գիբսոնի նոր ֆիլմը սենսացիա է դարձել Վենետիկում

15:28   6 սեպտեմբերի, 2016

Իզուր չէր, որ երեկ մենք ձեզ ցուցադրեցինք Վենետիկի 73 –րդ կինոփառատոնի կարմիր գորգուղու աստղերին, որոնք այցելել էին Մել Գիբսոնի նոր «Խղճի մտոք» (Hacksaw Ridge) ֆիլմի պրեմիերան՝ իրական պատմություն պատերազմի հերոս, Պատվո մեդալի արժանացած շարքային Դեսմոնդ Թ. Դոսսի մասին։ Իր կրոնական համոզմունքներից ելնելով նա հրաժարվել է  զենք կրել եւ հակառակորդին սպանել, ինչի պատճառով տեղափոխվել է բուժմաս)։ Ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են։

Մելը հայտնի է ոչ միայն որպես շքեղ դերասան, այլեւ որպես հոյակապ ռեժիսոր:

Բայց նման հաջողություն 60-ամյա Մել Գիբսոնի ֆիլմի համար ոչ ոք չէր կանխատեսում:

Deadline-ը հայտնում է, որ դահլիճում ֆիլմի դիտումից հետո տասը րոպե շարունակ չէին դադարում ծափահարությունները, իսկ դերասաններին ու ռեժիսորին հրավիրել էին բեմ բարձրանալ:

Մի քանի պարբերականներ միանգամից գնահատել էին Գիբսոնի ֆիլմը՝ հայտնելով, որ այն կարող է համարձակորեն հավակնել «Օսկարի»՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

«Գիբսոնը հասարակության ներողամտությունն է փնտրում իր ոչ համարժեք արարքների համար ու այդ ներումը գտնում է իր ֆիլմի միջոցով։ Սա անչափ հուզիչ ու դաժան ֆիլմ է պատերազմի մասին»,- գրում է The Telegraph–ը։

«Մելը ներկայանում է որպես մի մարդ, որը կարողանում է պատմություն պատմել ու ֆիլմի միջոցով փոխանցել զգացմունքներն ու լավածությունը» - իր հերթին գրել է The Hollywood Reporter–ը:

Ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի այս տարվա նոյեմբերին։

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE