Սիրելիս ամեն ինչ արեց իմ գեղեցիկ օրն ապահովելու համար. բելգիահայ երգչուհի KeyOh-ն ամուսնացել է

14:15   7 սեպտեմբերի, 2016

Բելգիահայ երգչուհի KeyOh-ը օրերս ամուսնացել է: Հարսանիքի խնջույքի, հարսի զգեստի ու իր նորաստեղծ երջանկության մասին երգչուհին առաջինը կիսվեց NEWS.am STYLE-ի հետ:

«Հարսանիքս հենց այնպիսին էր, ինչպիսին, որ ես էի երազում: Ամուսինս՝ Ջեյսոնը, ամեն ինչ արեց իմ գեղեցիկ օրն ապահովելու համար: Նույնիսկ, կատակով հարցրեց. «Ինձ էլ կհրավիրե՞ս քո հարսանիքին»:)

Ամուսինները դեռեւս չունեն շատ լուսանկարներ հարսանեկան խնջույքից, այնպես որ՝ մեզ պես անհամբերությամբ են սպասում իրենց երջանիկ պահերն անմահացրած կադրերին.

«Հարսանեկան զգեստիս հեղինակը Մարիամ Ղարիբյանն է: Մենք այն միասին ենք ստեղծել: Այն պատրաստել ենք վեց ամսում եւ ես հինգ անգամ ստիպված եմ եղել մեկնել Պրահա՝ այն փորձելու համար: Բայց զգեստն, իրոք, արժեր դրան: Մարիամն իսկական արվեստի գործ է ստեղծել: Զգեստն իր վրա կրում է հայկական եւ հունական զարդեր՝ դրանք իմ եւ Ջեյսոնի խորհրդանիշներն են»,-ասում է երջանիկ KeyOh-ը:

Իր ամուսնու՝ Ջեյսոնի, հետ երգչուհին ծանոթացել է Բեռլինում՝ աշխատանքի բերումով:

«Մեր սիրո պատմությունը սկսվեց այն պահից, երբ ես տեսա նրան: Ջեյսոնը խնդրեց բռնել ձեռքս, ես էլ կատակեցի. «Միայն այն դեպքում, եթե կամուսնանաս ինձ հետ»: Դա երկու տարի առաջ էր: Եկեղեցում՝ արարողության ժամանակ, նա շշնջաց ականջիս. «Ասում էի, չէ՞, եթե թույլ տաս բռնել ձեռքդդ, ես կամուսնանամ քեզ հետ…»»:

Խոսելով իր ամուսնու հատկանիշների մասին՝ KeyOh-ը նշում է.

«Ջեյսոնն այն տղամարդն է, որին ես միշտ պահել եմ իմ մտքում: Ես դա միշտ նրան ասում եմ: Նա շատ հոգատար է, սիրալիր, խելացի եւ համբերատար: Ինձ հետ այնքան էլ հեշտ չէ, բայց նա, իրոք, իմ հեքիաթային արքայազն է»:

Նորապսակներն այժմ իրենց մեղրամիսը վայելում են Հունաստանում: Սակայն առջեւում նրանց սպասում է ճանապարհորդություն դեպի Միացյալ Նահանգներ.

«Ամուսինս երբեք այնտեղ չի եղել, իսկ ես միշտ երազել եմ ապրել կամ Սան Ֆրանցիսկոյում կամ Լոս Անջելեսում: Փառք Աստծո՝ մենք միշտ կիսում ենք միմյանց երազանքներն ու ամեն հարցում աջակցում ենք իրար»:

NEWS.am STYLE-ը երջանկություն ու հարատեւ սեր է մաղթում KeyOh-ին եւ Ջեյսոնին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE