Ի՞նչ սկզբունքով է «Երկրաշարժ» ֆիլմը ներկայացվել «Օսկարի». պարզաբանում է Հայկական ազգային կինոակադեմիան

15:35   7 սեպտեմբերի, 2016

«Օսկար» ամենամյա 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում հնարավոր է՝ հնչի նաեւ հայկական ազգանուն: Հայաստանի ազգային կինոակադեմիայի որոշմամբ՝ համաշխարհային կինոմրցանակաբաշխությանը ներկայացվել է նաեւ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը:

«Ակադեմիան ունի 26 անդամ, որոնցից փակ քվեարկոթյանը մասնակցել են 24-ը: Հենց նրանց քվեարկությամբ էլ ներկայացված երեք ֆիլմերից (Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակ» եւ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ») ընտրվել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ ֆիլմը» (9 ձայնով)»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Հայկական ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանը:

Րաֆֆին  պարզաբանեց, որ ֆիմը դեռեւս  ոչ թե առաջադրված է «Օսկարի», այլ պարզապես ներկայացվել է Ամերիկյան կինոակադեմիային, որոնք հարյուրավոր ֆիլմերի միջից պետք է կատարեն ընտրություն՝ ստեղծելով short list: Բոլոր ներկայացված ֆիլմերից միայն հինգը կկարողանան պայքարել «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում, որի հաղթողին կիմանանք արդեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

Արդյոք Սարիկ Անդրեասյանի ֆիլմը առաջադրված կլինի «Օսկարի», թե ոչ, պարզ կլինի միայն փետրվար ամսին:

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը 1988 թ-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին է: ֆիլմի գլխավոր դերում Կոնստանտին Լավրոնենկոն է։ Հայ դերասաններից ֆիլմում խաղում են Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը եւ այլք։ 

«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թ-ի փետրվարի 26-ին: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE