13:33 9 սեպտեմբերի, 2016Անջելինա Ջոլին 2002-ից սկսած աշխատում է ՄԱԿ-ում: 41-ամյա հոլիվուդյան աստղը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպանն է:

Դերասանուհին Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը նվիրված գագաթնաժողովին մասնակցելու, որտեղ հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի ղեկավարի տեղակալ գեներալ սըր Գորդոն Մեսենջերի, նաեւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քարտուղար Մայքլ Ֆալլոնի ու ԱՄՆ պաշտպանության նախարարի քարտուղար Էշ Քարթերի հետ:




Դերասանուհին ելույթ է ունեցել գագաթաժողովի՝ 80 երկրներից ժամանած մասնակիցների առաջ եւ շնորհակալություն հայտնել խաղաղապահ զորքերում ծառայող կանանց «խաղաղության պահպանմանը նրանց նվիրման ու նրանց զոհաբերությունների համար»:
«ՄԱԿ-ի խաղաղապահների հանդեպ վստահությունը հիմա խաթարված է: Պատճառը զորքերում զինվորականների կողմից իրենց ծառայակից կանանց, նաեւ տեղաբնակ կանանց ու երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերի աճն է, որոնց մասին հայտնի է դառնում հասարակությանը: Ընդ որում բռնացողները նրանք են, որոնք իբրեւ եկել են այդ մարդկանց պաշտպանելու:

Սակայն միայն ՄԱԿ-ի խաղաղապահների քանակի ավելացումով այս հասունացած խնդիրը հնարավոր չէ լուծել: Կարեւոր է վերանայել խաաղապահ գործողությունների կազմակերպման կարգը՝ պաշտպանելու համար անպաշտպանների պատիվն ու արժանապատվությունը»:

Ջոլին շեշտել է, որ դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ ընդլայնել խաղաղապահ ուժերի կանացի կազմը, որն այս պահին զինծառայողների ընդհանուր թվաքանակի միայն հինգ տոկոսն է կազմում: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ խաղաղապահ զորքերի բարեփոխումը օրակարգի ամենաառաջնահերթ խնդիրներից մեկն է:

«Խաղաղապահ զորքերը կկարողանան նվաճել ու պահպանել տեղի բնակչության վստահությունը, եթե դրանցում ավելի շատ կանայք լինեն»- նշել է դերասանուհին:
Աղբյուր՝Daily Mail
Լուսանկարներ՝ PA