Հույզեր, ժպիտ եւ արցունքներ. Անդրեն «Andrenaline»-ով հարուստ շոու է խոստանում

15:33   9 սեպտեմբերի, 2016

NEWS.am STYLEարդեն պատմել է այն մասին, որ այս շրջանում երգիչ Անդրեն Միացյալ Նահանգներում է, որտեղ մի շարք հեռուստատեսային նախագծերի պատվավոր ժյուրիի անդամը սկսել է իր սեփական մեգաշոուն: «Andrenaline»` այսպես է կոչվում Անդրեի, Արա Ղազարյանի եւ Մհեր Բաղդասարյանի հեղինակած նախագիծը, որի նպատակն է բացահայտել Լոս Անջելեսի տաղանդավոր երիտասարդներին:

Անդրեի համար սպասված նախագիծն իրականություն է, որը սեպտեմբերի կեսերից արդեն կլինի PanArmenian TV-ի եթերում: Այն կցուցադրվի նաեւ Հայաստանում:

«ԱՄՆ-ում այս ողջ ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքս շուտով կլինի եթերում: Նախագիծը հենց այնպիսին է, ինչպիսին ես էի պատկերացնում: Բազմաթիվ երիտասարդներ` թե հայ, թե արտասահմանցի, եկան եւ փորձեցին իրենց ուժերը` հիմնական փուլ անցնելու համար: Հետեւելով այս ամենին կարող եմ ասել, որ հեռուստադիտողներին հետաքրքիր հույզեր եւ ապրումներ են սպասում` թե լսումների ժամանակ, թե մյուս փուլերում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգիչը, որին նախագծի հաղթողին բացահայտելու հարցում օգնելու են ժյուրիի մյուս անդամները` Արա Ղազարյանը, Էռնա Յուզբաշյանը եւ հատուկ հրավիրված այլ հայտնի երգիչներ եւ մեդիա դեմքեր:

Խոսելով հայաստանյան նախագծերի եւ «Andrenaline»-ի մասնակիցների նմանությունների եւ տարբերությունների մասին` Անդրեն նշեց.

«Թե հայաստանյան նախագծերի, թե այստեղի մասնակիցների մեջ տաղանդներ շատ կան, այդ առումով տարբերությունն այդքան մեծ չէ: Սակայն հարկ է նշել, որ Լոս Անջելեսի երիտասարդներն ավելի ազատ են բեմի վրա, ավելի անկեղծ են եւ չեն կոմպլեքսավորվում այս կամ այն քայլից, ինչն իհարկե արտիստի համար լավ հատկանիշ է: Բացի դա` ողջունելի է այն փաստը, որ գտնվելով հայրենիքից հեռու` շատ մասնակիցներ հայերեն են երգում, ինչն ինձ համար մեծ առավելություն է, քանի որ հաճախ հայկական նախագծերում մասնակիցները նախապատվությունը տալիս են արտասահմանյան ստեղծագործություններին: Իմ նախագիծը ես փորձել եմ համալրել ավելի շատ հայկական երգերով: Չէ՞ որ, հեռուստադիտողը հայ է: Տեսնելով մասնակիցների լարվածությունն ու նախագծում պաքարը շարունակելու անկեղծ ցանկությունը` կարող եմ միանշանակ փաստել` հեռուստադիտողներին ադրենալինով հարուստ շոու է սպասվում, որի ընթացքում դժվար կլինի զսպել թե ժպիտը, թե արցունքները»:

Միշտ բեմական կերպաներով տարբերվող երգիչը նշում է, որ նախագծի հաղթող տեսնում է վոկալային լավ տվյալներով, տաղադավոր, արտիստիկ եւ խարիզմատիկ մասնակցի, որը կառանձնանա նաեւ մարդկային արժանիքներով: Չէ՞ որ, հաղթողի մրցանակը պակաս կարեւոր չէ` պայմանագիր անձամբ Անդրեի հետ.

«Հաղթող մասնակիցը` որպես մրցանակ կստանա հատուկ իր համար գրված երգ, որը կպտտվի տարբեր ռադիոկայաններով: Նա նաեւ կունենա տեսահոլովակ, որը կհեռարձակվի տարբեր հեռուստաալիքներով, իսկ որպես գլխավոր մրցանակ` կկնքի ինձ հետ պայմանագիր եւ իր հետագա հաղթարշավը կշարունակի ինձ հետ միասին: Ես կդառնամ նրա պրոդյուսերն ու ամեն հարցում կաջակցեմ նրան, որպեսզի կարողանա կատարել իր քայլերը թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում:

Իմ կարիերայի սկզբում ես շատ դժվարություններ եմ տեսել եւ դրանք հաղթահարել եմ ինքնուրույն: Այնպես որ` ես լավ գիտեմ, թե ինչ է պետք արտիստին երաժշտական ուղի եւ հաջողություններ հարթելու համար: Առհասարակ, իմ փորձով սիրով պատրաստ եմ կիսվել նախագծի յուրաքանչյուր մասնակցի հետ»,-նշում է Անդրեն` չբացառելով, որ միգուցե, մրցույթում հաղթի ոչ թե մեկ մասնակից, այլ խումբ: Սրանք առայժմ միայն ենթադրություններ են, իսկ թե ինչ կլինի հետո, հեռուստադիտողը կարող է պարզել արդեն նախագծի հետագա փուլերի ընթացքում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE