«Եվրատեսիլ 2017»-ը կանցկացվի Կիեւում

15:20   9 սեպտեմբերի, 2016

Անտեղյակները հավանաբար հիմա կմտածեն՝ «Իսկ ուրիշ որտե՞ղ պետք է անցկացվեր Եվրատեսիլ 2017»-ը։ Իսկ նրանք, ովքեր հետեւում են եվրատեսիլյան նորություններին կասեն՝ «Վերջապես»։

Այո, վերջապես մրցույթի կազմակերպիչները կողմնորոշվեցին եւ հայտնեցին «Եվրատեսիլ 2017»-ն իր տանիքի տակ հյուրընկալող քաղաքի անունը։ Արդեն մի քանի ամիս է մրցույթի անցկացման վայրը չէր ընտրվում. քննարկվում էին Կիեւ, Օդեսա ու Դնեպր տարբերակները։ Սկզբում վերջնական որոշումը պետք է հայտարարվեր հուլիսի 27-ին, այնուհետեւ հետաձգվեց օգոստոսի 1-ին, հետո՝ օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին։ Եվ ահա այսօր մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը հայտնել է, որ մյուս տարի «Եվրատեսիլը» կլինի Կիեւում, որտեղ կայացել էր «Եվրատեսիլ 2005»-ը։

«Կիեւն ունի մեծ ինֆրակառուցվածքներ, անհրաժեշտ պայմաններ, մարդիկ, եւ մենք Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության հետ վստահ ենք, որ 2017-ի մայիսին կկազմակերպվի հիանալի մրցույթ»,- հայտարարել է Սանդը։



© NEWS.am STYLE