Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է

10:35   10 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում  տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը փառատոնին ներկայացված ամենասպասված կինոնկարներից մեկն է, քանզի այն նկարահանել է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը։

Բայց մինչ այդ Համացանցում հայտնվել է Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեկի, Շառլոտա Լե Բոնի, Անժելա Սարաֆյանի, Ջեյմս Քրոմվելի մասնակցությամբ ֆիլմի թրեյլերը։

Նշենք, որ կինոնկարի սաունդթրեքի հեղինակը աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանն է։

Ներկայացնենք, Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի կարճ նկարագրությունը.

«Միքայելը համեստ հայ դեղագործ է, որը հեռանում է հարազատ գյուղից Կոստանդնուպոլիս՝ բժշկություն ուսումնասիրելու։ Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, որը աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու համար նույնպես հայտնվում է այնտեղ։ Քրիսը հարաբերությունների մեջ է Փարիզում կրթություն ստացած հայ նկարչուհի Անայի հետ։ Երբ Մայքլը հանդիպում է Անային, ընդհանուր ժառանգությունը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց ռոմանտիկ մրցակցության պատճառ է դառնում։ Սակայն շուտով Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմում միանում է Գերմանիային եւ սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին։ Եվ չնայած միմյանց միջեւ կոնֆլիկտին՝ հերոսները կանգնում են իրենց կյանքը փրկելու խնդրի առաջ»։

 



© NEWS.am STYLE