Ջորջ Լուկասն իլյուստրացիայի թանգարան կկառուցի

12:49   8 մարտի, 2013

Ռեժիսոր եւ պրոդյուսեր Ջորջ Լուկասը Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ) իլյուստրացիայի թանգարան կբացի:

Ըստ Artlyst.com-ի, «Աստղային պատերազմների» հեղինակն արդեն դիմել է Կալոֆորնիայի նահանգային իշխանություններին՝ թանգարանի կառուցման համար հող հատկացնելու խնդրանքով: Լուկասի խոսքով, թանգարանի խնդիրը տաղանդավոր երիտասարդների համար «երեւակայության մշակույթին» առնչվելու հնարավորություն ստեղծելն է: Ցուցադրության հիմքում կլինեն ցուցանմուշներ ռեժիսորի անձնական հավաքածուից, որում շուրջ 1000 տարբեր նյութեր կան, այդ թվում՝ կոմիքսներ, պատկերազարդ հրատարակություններ եւ համակարգչային գրաֆիկայի օրինակներ: Սա հնարավորություն կտա մշակութային կենտրոնի ցուցադրությունը թարմացնել կես տարին մեկ անգամ, 6 տարվա ընթացքում:

Թանգարանի բացման ժամկետների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:



© NEWS.am STYLE