Սերժ Թանկյանը, Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոտ Լե Բոնը՝ Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերային Տորոնտոյում

11:05   12 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 8-18-ը Կանադայում անցկացվում է կինոաշխարհի ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը։ Այս տարի հենց այս փառատոնի շրջանակում էր ներկայացվելու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան, որը նախատեսվածի պես կայացավ սեպտեմբերի 11-ին։

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած ֆիլմի պրեմիերային կարմիր գորգով անցել են բազմաթիվ հայտնի հյուրեր, այդ թվում՝ ֆիլմի գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոտ Լե Բոնը։

42-ամյա Բեյլը, որը ֆիլմում մարմնավորում է ամերիկացի ֆոտոլրագրողի, փառատոնին ներկայացել էր կնոջ՝ Սանդրա (Սիբի) Բլեյզիքի հետ։

Համեստ հայ դեղագործ Միքայելի կերպարը կերտած Օսկար Այզեքը նույնպես փայլել է կարմիր գորգով անցնելիս։

Իսկ կանադուհի Շարլոտ Լե Բոնն՝ իր կարմիր շքեղ Dior զգեստով պարզապես շլացրել է բոլորին։

Հիշեցնենք, որ Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված կինոնկարի սաունդթրեքի հեղինակը աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանն է, որը նույնպես ներկա է եղել ֆիլմի պրեմիերային։

Фото опубликовано Serj Tankian (@serjtankian)

Ներկայացնենք ֆիլմի կարճ նկարագրությունը.

«Միքայելը համեստ հայ դեղագործ է, որը հեռանում է հարազատ գյուղից Կոստանդնուպոլիս՝ բժշկություն ուսումնասիրելու։ Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, որը աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու համար նույնպես հայտնվում է այնտեղ։ Քրիսը հարաբերությունների մեջ է Փարիզում կրթություն ստացած հայ նկարչուհի Անայի հետ։ Երբ Մայքլը հանդիպում է Անային, ընդհանուր ժառանգությունը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց ռոմանտիկ մրցակցության պատճառ է դառնում։ Սակայն շուտով Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմում միանում է Գերմանիային եւ սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին։ Եվ չնայած միմյանց միջեւ կոնֆլիկտին՝ հերոսները կանգնում են իրենց կյանքը փրկելու խնդրի առաջ»։

Լուսանկարները՝ Twitter



© NEWS.am STYLE