Օսկար Այզեքը անմոռուկով է ներկայացել Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերային

11:33   12 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 8-18-ը մեկնարկած Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում երեկ՝ սեպտեմբերի 11-ն, կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Կարմիր գորգով անցնելիս Ֆիլմի պրեմիերային ներկա հյուրերից փայլել են օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը, Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ կինոնկարի սաունդթրեքի հեղինակը աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Սերժ Թանկյանը՝ կնոջ հետ

Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված կինոնկարի առաջին ցուցադրությանը Օսկար Այզեքը ներկայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան անմոռուկով։

Անմոռուկով է եղել նաեւ ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը։

 

Օսկար Այզեքը,  Էրիկ Էսրայիլյանը, Քրիս Քորնելը եւ Սերժ Թանկյանը

Նշենք, որ ֆիլմում 37-ամյա ամերիկյան հայտնի դերասան Այզեքը մարմնավորում է համեստ հայ դեղագործ Միքայելի կերպարը։

Օսկարը՝ դերասան Մարուան Կենզարիի հետ

Ներկայացնենք ֆիլմի կարճ նկարագրությունը.

«Միքայելը համեստ հայ դեղագործ է, որը հեռանում է հարազատ գյուղից Կոստանդնուպոլիս՝ բժշկություն ուսումնասիրելու։ Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, որը աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու համար նույնպես հայտնվում է այնտեղ։ Քրիսը հարաբերությունների մեջ է Փարիզում կրթություն ստացած հայ նկարչուհի Անայի հետ։ Երբ Մայքլը հանդիպում է Անային, ընդհանուր ժառանգությունը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց ռոմանտիկ մրցակցության պատճառ է դառնում։ Սակայն շուտով Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմում միանում է Գերմանիային եւ սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին։ Եվ չնայած միմյանց միջեւ կոնֆլիկտին՝ հերոսները կանգնում են իրենց կյանքը փրկելու խնդրի առաջ»։

Լուսանկարները՝ Twitter



© NEWS.am STYLE