73-ամյա Ռոբերտ դե Նիրոն կկատարի Հռոմի պապ Պիոս 9-րդի դերը

17:18   15 սեպտեմբերի, 2016

73-ամյա Ռոբերտ դե Նիրոն կկատարի Հռոմի պապ Պիոս 9-րդի դերը, հայտնում է NME–ն: Դե Նիրոյի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2017-ի հունվարին, սակայն այս պահին Հոլիվուդում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, քանի որ պրոդյուսերներ Սթիվեն Սփիլբերգն ու Հարվի Վայնշթեյնը տարաձայնություններ ունեն ֆիլմի վերաբերյալ իրենց տեսակետներում, ու յուրաքանչյուրը որոշել է իր տարբերակը նկարահանել:

Եվ այսպես Սթիվեն Սփիլբերգը «Էդգարդո» ֆիլմում Պիոս 9-րդի դերի համար հրավիրել է դերասան Մարկ Ռայլենսին: Նկարահանումները կսկսվեն գալիք տարվա գարնանը: Ֆիլմը պատմելու է այն մասին, թե ինչպես են 1857-ին Բոլոնյայում (Իտալիա) վեցամյա Էդգարդո Մորտարային ոստիկանները բռնի խլել հրեա ծնողներից: Տղային դաստիարակել են որպես կաթոլիկ: Պիոս 9-րդը նրան թույլ չի տվել տուն վերադառնալ, ու Մորտարան դարձել է հոգեւորական:

Վայնշթեյնը ուզում է իր սեփական տարբերակը նկարահանել, որտեղ Պիոս 9-րդի դերը Դե Նիրոն կկատարի: Որպես ռեժիսոր նա հրավիրել է Բալթասար Կորմակուրին («Էվերեստ»):

Սփիլբերգի ֆիլմը նվիրված է լինելու Մորտարայի հասուն տարիների կյանքին, իսկ Կորմակուրի ֆիլմի առանցքում առեւանգության պատմությունն է լինելու:



© NEWS.am STYLE