Աներևակայելի թեթև աղցան` վարունգով և անանուխով. NEWS.am STYLE-ի բաղադրատոմսը

19:09   17 սեպտեմբերի, 2016

Չնայած այս աղցանի հիմնական բաղադրիչները վարունգն ու համեմունքներն են, պետք է «հարգանքի տուրք մատուցել» անանուխին, որի համն ու բույրը յուրահատուկ է դարձնում այս պարզ աղցանը։ 

Ըստ հունական տխուր մի առասպելի, անդրշիրիմյան աշխարհի աստված Աիդի սիրելին էր հավերժահարս Մենթան։ Խանդոտ Պերսեփոնեն, իմանալով ամուսնու սիրո մասին, պատառ-պատառ է անում իր մրցակցուհուն։ Իսկ արյան կաթիլներից աճում է հոտավետ մի բույս՝ անանուխ։ Նաեւ ասում են, որ Մենթային Աիդն է անանուխ դարձրել։

Անանուխի հայրենիքը համարվում է Միջերկրական ծովը։ Այսօր այն կարելի է հանդիպել կլիմայական տաք պայմաններով ցանկացած տարածաշրջանում։ Աշխարհում այս բույսի մոտ 25 տեսակ և 100 ենթատեսակ կա։

Եվ այսպես, աղցան պատրաստելու համար մեզ հարկավոր է՝

4 վարունգ

2 պճեղ սխտոր

1 թեյի գդալ չոր անանուխ

1 թեյի գդալ քացախ

2 թեյի գդալ ձիթապտղի յուղ

աղ

Վարունգը հարկավոր է կտրատել։

Մանրացրնել սխտորը, ապա ավելացնել չոր անանուխը, քացախը, ձիթայուղը և աղը։

Խառնում ենք և թողնում 10 րոպե։

Նշենք, որ աղցանը նախընտրելի չէ պատրաստել թարմ անանուխով, քանի որ այն բոլորովին այլ համ ունի։

Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE