Հոլիվուդյան աստղ Մայքլ Քեյնը Հովհաննավանքում վայելել է «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարումները (ֆոտո)

11:35   23 սեպտեմբերի, 2016

Արդեն երկու օր է, ինչ Մայքլ Քեյնի հայաստանյան այցը բուռն քննարկվում է համացանցում: Դերասանն իր այցի մասին տեղեկացրել էր Twitter-ի գրառման միջոցով` նշելով.

«Ողջույն գեղեցիկ Հայաստանից»:

Սակայն րոպեներ անց հոլիվուդյան աստղը նույն սոցիալական ցանցի միջոցով հայտնել էր, որ հեռանում է Հայաստանից` մեկնելով Լոնդոն:

NEWS.am STYLE-ն արդեն պատմել է, որ Քեյնը ընթրել է «Դոլմամա» ռեստորանում: Պարզվում է` դերասանը եղել է նաեւ Գեղարդում եւ Հովհաննավանքում, որտեղ էլ վայելել է «Գեղարդ» երգեցիկ խմբի (գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյան) կատարումները.

«Նախապես տեղյակ չէինք իր Հայաստան այցի մասին եւ մեզ համար էլ էր մեծ անակնկալ այս առաջարկը: Իհարկե, առիթը բացառիկ էր եւ անհավատալի: Մենք կատարեցինք երկու շարական Ս. Մեսրոպ Մաշտոցի հեղինակությամբ, ինչպես նաեւ ժողովրդական երկու երգ` Կոմիտասի եւ Էդգար Հովհաննիսյանի մշակումներով: Մայքլ Քեյնը ամեն բան նկարում էր, ամեն վայրկյանն արձանագրում: Իր հիացական արձագանքից կարող ենք ենթադրել, որ բարձր գնահատեց մեր մշակույթը: Միասին նաեւ լուսանկարվեցինք եւ այս օրը վառ կմնա մեր հիշողության մեջ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց խմբավար Անահիտ Պապայանը` տրամադրելով նաեւ բացառիկ լուսանկարներ դերասանի` Հովհաննավանք կատարած այցից:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE