Նիհարողի օրագիրը. շնորհակալություն աջակցության համար

19:20   9 մարտի, 2013

Ողջո՛ւյն: Թանկագիններս, անչափ շնորհակալ եմ ձեր աջակցության, ջերմ խոսքերի եւ հուսադրելու համար: Առանց այս ամենի ես չէի կարող: Խոստովանեմ, որ մինչեւ վերջ չէի հավատում, որ կհաջողեմ: Կարծում էի՝ ինձ վրա քմծիծաղների եւ ծաղրի հեղեղ կտեղա, սակայն պատահեց ճիշտ հակառակը: Շատերն օգնություն, աջակցություն են առաջարկում: Սա իսկապես շատ կարեւոր է:

Շնորհակալություն նաեւ նրանց, ովքեր ցանկացան միանալ ավելորդ կիլոգրամների դեմ իմ պայքարին: Ցավոք, Facebook-ում էջ չունեմ, այդ պատճառով մեր շփումն այդ կերպ անհնար է դառնում: Ես վախենում եմ նույնիսկ ինքս հայելու մեջ ինձ դիտել, իսկ համացանցում լուսանկարներս ցուցադրելու ցանկություն առավել եւս չունեմ: Բայց էլեկտրոնային փոստ ունեմ. [email protected]: Սիրով կպատասխանեմ ձեր բոլոր նամակներին:

Հիմա գլխավորի մասին: Իմ առաջին նյութի թողարկումից հետո ոչ մի գրամ չեմ նիհարել: Պարզապես այն պատճառով, որ անմիջապես դիետա չսկսեցի, այլ օրգանիզմս աստիճանաբար պատրաստում էի դրան: Ներկայացնեմ իմ դիետան, եւ երկուշաբթիից բոլորս միասին սկսենք: Դիետան կոչվում է «Մինուս 60», եւ դրա առավելությունները նրանում են, որ մինչեւ կեսգիշեր կարելի է բացարձակապես ամեն ինչ ուտել: Համաձայնեք, հոգեբանական արգելքը, թե քեզ ինչ-որ բան չի կարելի, բայց շատ ես ցանկանում, այսպիսով կարելի է հեշտությամբ հաղթահարել: Համեղ ուտեստի կտորը երեկոյից թողնել մինչեւ առավոտ. ահա ամենը:

Ճաշի եւ ընթրիքի մթերքը հստակ բաշխված է: Խոստանում եմ մինչեւ վաղն ամեն ինչ մանրամասն գրել: Չէ՞ որ երկուշաբթիից սկսում ենք նիհարել, ճի՞շտ է:

Իմ խնդիրներից մեկն էլ այն է, որ չեմ հասցնում նույնիսկ մարզասրահ հաճախել: Երկու աշխատանք ունեմ, գումարած՝ երեխա, ում հարկավոր է ընդմիջումների ընթացքում ժամանակ հատկացնել: Հուսով եմ, մինչեւ ամառ ժամանակացույցս ավելի թեթեւ կլինի, իսկ առայժմ իմ հիմնական խնդիրը քաշ չհավաքելն է: Միակ բանը, որ անպայման ձգտում եմ անել, քնելուց առաջ գոնե կես ժամ բակում զբոսնելն է: Նույնիսկ վատ եղանակին:

Ինչ վերաբերում է հորմոնալ դեղամիջոցներին, ապա դրանք այլեւս չեմ խմում: Ինքնուրույն աստիճանաբար նվազեցրի չափաբաժինը եւ տեղավորեցի պահարանում: Արդյունքը, կարծես, նորմալ է:

Հիմա խնդրանք դիետոլոգներին: Հնարավոր է՝ նրանց մեջ գտնվի մասնագետ, ով խորհրդատվություն կտրամադրի բոլորիս: NEWS.am STYLE-ը փորձեց օգնել ինձ լավ բժիշկ գտնել, սակայն ոչ ոք չհամաձայնեց դա անվճար անել: Գուցե ինչ-որ մեկը կարձագանքի...

Կարծես թե առայժմ այսքանը: Ե՛վ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես պատրաստ եմ երկուշաբթիին: Կզեկուցեմ դիետայի մասին:

Անի



© NEWS.am STYLE