Weather.com.15 լուսանկար, որոնք աշխարհին կպատմեն Հայաստանի գեղեցկության մասին

20:29   26 սեպտեմբերի, 2016

Աշխարհում բոլոր մարդիկ էլ երազում են հանգստի մասին, սակայն քչերն են  որպես հանգստավայր ընտրում Հայաստանը: Եվ շատ իզուր, քանի որ մեր փոքրիկ, բայց պատմությամբ հարուստ երկիրը մեծ սիրով պատրաստ է իր պատմական, հոգեւոր եւ հյուրընկալ դռները բացել աշխարհի առջեւ:

Weather.com կայքը որոշել է ներկայացնել Հայաստանի գեղեցկությունն ու զբոսաշրջիկներին կոչ անել այցելել մեր մոգական երկիրը:

Ձեզ ենք ներկայացնում այն վայրերը, որոնք խորհուրդ է տրվում անպայման այցելել:

Ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող Գեղարդի Վանքը, պարզապես, տեսնել է պետք: Իսկ պատճառը ոչ միայն այն է, որ այստեղ եղել են նաեւ Քարդաշյանները, այլեւ այն, որ սա մի մոգական վայր է, որը կառուցվել է 14-րդ դարում` Գրիգոր Լուսավորչի կողմից: Վանքը նախկինում կոչվում էր Այրիվանք` քարանձավի վանք: Դեպի վանք տանող ճանապարհին հաճախ կարելի է նկատել ազգային երաժշտություն նվագող երաժիշտների: Չնայած ոչ բոլորն են որպես իրենց ճամփորդության վայր ընտրում Գեղարդը` այն ունի հրաշալի հոգեւոր պատմություն եւ մոգական շունչ: Վանքը UNESCO-ի կողմից ճանաչվել է աշխարհի ժառանգություն:

Գորիսի ժայռերը եւս Հայաստանի կողմից աշխարհին նվիրած հրաշալիքներից են: Դրանք հայկական բնության չքնաղ դրսեւորումներից են: Հայաստանում լինելու դեպքում անպայման ժամանակ հատկացրեք այդ ժայռերը տեսնելու եւ այնտեղ զբոսնելու համար: Դուք հաստատ չեք փոշմանի:

Տավուշի մարզում գտնվող Դիլիջանի զբոսայգին իր չքնաղ տեսքով կհիացնի բոլոր զբոսաշրջիկներին: Այն հայտնի է իր գեղեցիկ լանդշաֆտներով, անտառներով եւ բուժիչ հատկություն ունեցող հանքային ջրով:

Հաղպատի վանքը, որը հայտնի է նաեւ Հաղպատավանք անվամբ՝  նայում է դեպի Դեբետ գետ:  Այն կառուցվել է մոտավորապես 976 թ-ին՝ Խոսրովանույշ թագուհու կողմից:  Վանքին խորհրդավոր տեսք են հաղորդում դրա գլխավերեւում հաճախ կուտակվող ամպերը:

Բոլորին է հայտնի Նոյի եւ ջրհեղեցի մասին պատմությունը: Համաձայն լեգենդի՝ Նոյան տապանը հենց Արարատ լեռան վրա է հանգրվանել ջրհեղեղի ժամանակ: Լեռը հայերի ազգային խորհրդանիշն է:

Երեւանի տարբեր մասերից կարելի է տեսնել Բիբլիական Արարատը, սակայն այն ավելի պարզ է երեւում Կասկադի բարձունքից: Իսկ եթե ցանկանում եք զգալ լեռան ողջ մոգությունը, ապա ճանապարհվեք Խոր Վիրապ եւ այնտեղ ձեր առջեւ կբացվի կախարդական տեսարան:

Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում՝ Թուրքիայի սահմանից հինգ մղոն հեռավորության վրա:

Այն Հայոց կաթողիկոսի նստավայրն էր: Վանքը մինչ օրս հետաքրքրում է զբոսաշրջիկներին՝ իր հոգեւոր պատմության եւ Արարատին նայող գեղեցիկ տեսարանի շնորհիվ:

Հայաստանի բարիքները եւս մեկ պատճառ են այս երկիրն այցելելու համար: Հայկական մրգերը, կոնյակը եւ դուդուկը հայտնի են ամբողջ աշխարհին: Այստեղ շրջելիս հաճախ կարող եք հանդիպել դուդուկ նվագող մարդկանց:

Շատ զբոսաշրջիկներ անպայման կանգ են առնում Տաթեւ այցելելու համար: Շատերը Տաթեւի վանք գնում են ճոպանուղիով: 

Ի դեպ, 2010 թ-ին բացված այս ճոպանուղին իր երկարության շնորհիվ ընդգրկվել է «Գինեսի» ռեկորդների գրքում:

Եղեգնաձորի շրջակայքում գտնվող Նորավանքը կառուցվել է 13-րդ դարում: Ասում են՝ այն Հայաստանի ամենագեղեցիկ վանքն է:

Սեւանա լիճն այնպիսի բարձրունքում է գտնվում, որ երբ նստում ես ափին, քեզ թվում է, թե լճի հետ միասին դիպչում ես երկնքին:

Այն հրաշալի հանգստավայր է, հատկապես, ամռանը, քանի որ լճի ջուրն այդ շրջանում տաք է լինում: Հայերը Սեւանն անվանում են ծով: Լիճը տարբեր կողմերից շրջապատված է գեղեցիկ բնությամբ եւ լեռներով: Դրանց հտեւելն իրոք հանգստացնող է:



© NEWS.am STYLE