Ինչո՞ւ եղունգների լաքը երկար չի պահպանվում

20:14   10 մարտի, 2013

Բազմաթիվ կանայք հաճախ բախվում են վնասված մանիկյուրի խնդրին: Իհարկե, կարելի է ձեռք բերել մատնահարդարման թանկարժեք հավաքածու կամ եղունգները ներկել բացառապես գեղեցկության սրահներում: Սակայն կոսմետիկ միջոցների արժեքը ոչ միշտ է կարեւոր եւ երբեմն ամենեւին էլ չի համապատասխանում դրա որակին: Ուրեմն ի՞նչ անել, որպեսզի եղունգները լինեն կատարյալ վիճակում եւ մեկշաբաթյա մանիկյուրը դիտվի ինչպես հենց նոր արված: NEWS.am STYLE-ը մի քանի խորհուրդներ է տալիս եղունգները ճիշտ հարդարելու վերաբերյալ:

1. Որպեսզի լաքը երկար մնա եղունգներին, հարկավոր է դրանք պատել հիմքային, իսկ ընտրված երանգից հետո՝ պաշտպանիչ լաքով:

2. Լաքի չափազանց հաստ շերտը դժվար է չորանում: Եղունգները ներկեք մեկ շերտով, թողեք՝ լավ չորանա: Դրանից հետո միայն պատեք երկրորդ շերտով:

3. Երբեք երեք շերտ մի ներկեք: Առավելագույնը՝ երկու շերտ:

4. Լաքն ամբողջությամբ չորանում է 12 ժամվա ընթացքում: Հետեւաբար, պետք չէ եղունգները ներկելուց հետո 12 ժամվա ընթացքում տնային որեւէ գործ անել:

5. Լաքն առավել լավ պահպանվում է հարթ եղունգներին: Դրա համար ձեզ անհրաժեշտ է եղունգների մակերեսը մշակել հարթեցնող հատուկ գործիքով: Բայց ավելի հաճախ, քան ամիսը մեկ անգամ, այս գործողությունն անել չի կարելի, քանի որ դրա հետեւանքով եղունգները դառնում են բարակ եւ փափուկ:

6. Որպեսզի լաքը երկար ծառայի, հարկավոր է այն պահել մութ եւ սառը տեղում: Օգտագործումից առաջ լաքի անոթը մի թափահարեք, քանի որ այդպիսով այն խառնվում է օդի հետ: Դրա փոխարեն անոթը պտտեք ձեռքի ափերի մեջ:



© NEWS.am STYLE