Արագ պատրաստվող սնկով ու թթվասերով կարկանդակ՝ NEWS.am STYLE-ի բաղադրատոմսը

19:12   2 հոկտեմբերի, 2016

Սնկով ու թթվասերով շերտավոր կարկանդակը ոչ միայն շատ համեղ ու ախորժալի է, այլև հագեցնող։ Քանի որ կարկանդակը կարելի է պատրաստի շերտավոր խմորից պատրաստել, այն ձեզնից շատ ժամանակ չի պահանջի։ Ամեն դեպքում ես՝ որպես մի մարդ, որը դժվարությամբ է օրվա ընթացքում հասցնում սկսել ու ավարտին հասցնել իր բոլոր գործերը, նախապատվությունը տալիս եմ հենց պատրաստի խմորին։

Եվ այսպես, սնկով կարկանդակ պատրաստելու համար պահանջվում է

Շերտավոր խմոր՝ 250 գ

Թարմ սունկ (ձեր ճաշակով)՝ 300 գ

Սոխ՝ 1 գլուխ

Յուղոտ թթվասեր (15-20 տոկոսանոց) – 3 ճաշի գդալ

Ձու (դեղնուցը)՝ 1 հատ

Պանիր պինդ -100 գրամ

Սև աղացած պղպեղ՝ 0․5 ճ գդալ

Չոր կամ թարմ կանաչի՝ ըստ ցանկության

Սոխը կտրատում ու տապակում ենք արևածաղկի ձեթով։ Մանրացնում ու տապակում ենք սունկը ու խառնում տապակած սոխին։ Ես պահածոյացված շամպինյոն եմ օգտագործում։ Հավելում ենք թթվասերը։ Ըստ ճաշակի աղ ավելացնում, սև պղպեղ, ու համեմունքներ։ Ես օրինակ թարմ սամիթ եմ հավելում։ Վրայից քերում պանիրը։

Այնուհետև խմորը գրտնակում ենք, դնում տապակի մեջ ու մոտ 4 սմ բարձրության եզրեր թողնում։ Հավելյալ խմորը զգուշությամբ կտրում ենք դանակով։ Ամբողջ երկայնքով խմորը պատառաքաղով ծակում ենք, որպեսզի այն թխվելիս չձևափոխվի, այնուհետ լցնում ենք միջուկը։

Վրայից դեղնուց քսում։ Կարկանդակը դնում ենք նախապես միացված ջերմոցում, թխում այն 30-35 րոպե:


Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE