Նիհարողի օրագիր. դիետայի առաջին օրը եւ առաջին լուսանկարը՝ զեկուցելու համար

15:58   11 մարտի, 2013

Ողջույն: 

Այսօր՝ մարտի 11-ին, ես վերջապես անցա գործողությունների: Այս դիետայում ինձ մի բան է ուրախացնում. այն, որ մինչեւ ժամը 12-ը կարելի է ամեն ինչ ուտել՝ բացի կաթնային շոկոլադից, որը ես առանց այն էլ չեմ սիրում: Այնպես որ, աշխատավայրում 1 խաչապուրի կերա, իսկ առավոտյան նույնիսկ ինձ թույլ տվեցի մեկ գդալ շաքարավազով սուրճ խմել:

Ճաշին ուտելու եմ մակարոն՝ 30 գրամ պանրով, դե իսկ ընթրիքին կսահմանափակվեմ միայն կեֆիրով կամ մածունով: Կարծում եմ՝ շատ դժվար չի լինի, քանի որ համակերպվել եմ սովահարությանը: Հիշում եմ՝ մի անգամ նույնիսկ 5 օր չէի ուտում, մինչեւ փողոցում ուշագնաց եղա: Դրանից հետո, թեկուզ մի փոքր, բայց ստիպված էի ուտել: Երեկոյան կաշխատեմ գոնե 30 րոպե զբոսնել եւ վարժություններ անել:

Առավոտյան կանգնեցի կշեռքին. 118.6 կգ: Եթե այս շաբաթվա վերջին գոնե 2 կգ կորցնեմ, դա արդեն իմ առաջին փոքրիկ հաղթանակը կլինի:

Փորձում եմ պատասխանել բոլորիդ նամակներին: Եվ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել նամակների թվի համար: Հաճելի է իմանալ, որ ինչ-որ մեկը քեզ հետ է: Շնորհակալ եմ: Որոշեցի հրապարակել նաեւ իմ առաջին լուսանկարը: Իհարկե, առայժմ առանց դեմքի: 2 շաբաթը մեկ անգամ կզեկուցեմ լուսանկարներով, որպեսզի արդյունքը նկատելի լինի:  

Աղջիկներ, եթե ինչ-որ մեկն ինձ հետ սկսել է նիհարել, հենց հիմա՝ առաջին օրը, լուսանկարվեք: Չէ՞ որ ինքդ քեզ բոլորովին տարբեր կերպ ես ընկալում հայելու մեջ եւ լուսանկարին նայելիս:

Եվ այսպես՝ մեկնարկ:

Բոլորիս հաջողջություն:

Ձեր օգնությամբ հավատացի ինքս ինձ:

Ձեր՝ Անի 

 [email protected]




© NEWS.am STYLE