Hayk Avanesyan նորաձեւության տան շքեղ ցուցադրությունը նվաճել է Կիեւը (Ֆոտոշարք)

12:32   7 հոկտեմբերի, 2016

Օրերս մենք գրել ենք ոչ միայն Քիմ Քարդաշյանի, այլեւ տաղանդավոր դիզայներ Հայկ Ավանեսյանի շքեղ ցուցադրության մասին։ Հանգստյան օրերին կայացել էր Hayk Avanesyan նորաձեւության տան երկար սպասված ֆեշն շոուն։

Մոդելները, որոնք ներկայացնում էին հագուստը, պրոֆեսիոնալներ էին, որոնք աշխատանքային փորձ ունեն միլանյան, փարիզյան, նյույորքյան Նորաձեւության տներում, իսկ ցուցադրությունը բացողը 2016 թ․ Միսս Ուկրաինա Ալեքսանդրա Կուչերենկոն էր։

Ցուցադրությունն անցել էր «Շոկոլադե տնակ» թանգարանի ցուցասրահներում, որտեղ միաժամանակ  բացվել էր «Վարպետության առեղծվածները» անվանումով էսքիզների ու ֆոտոաշխատանքների ցուցահանդեսը։

Հենց այդ ցուցահանդեսին էլ մենք հիմա ուշադրություն կդարձնենք։

Ցուցահանդեսի շնորհանդեսը, որի օրը հարմարեցված էր 2017 գարուն- ամառ նոր հավաքածուի կոկտեյլային ու երեկոյան զգեստների ցուցադրությանը, անցել է հենց դեֆիլեից առաջ։ 

Փակ միջոցառմանը ներկա էին մամուլի, մշակույթի,բիզնեսի ու սպորտի ներկայացուցիչները։

Դիզայները անձամբ է հյուրերին ներկայացրել իր աշխատանքների ու լուսանկարների էքսպոզիցիան, որը ցույց է տալիս հագուստի ստեղծման պրոցեսը։

Ցուցահանդեսին նաեւ ներկայացվել էր մանր կտորներից պատրաստված հարսանեկան կիսաշրջազգեստ, որը ստեղծելու համար 150 մետր մետաքս է պահանջվել։ Մթնոլորտին հանդիսավորություն ու ռոմանտիկ տրամադրություն էր հաղորդում կենդանի հնչողությամբ դաշնամուրային երաժշտությունը։

Նյութի պատրաստմանն աջակցել է Նորաձեւության տան մամուլի ծառայությունը



© NEWS.am STYLE