12:08 8 հոկտեմբերի, 2016Երիտասարդ եւ գեղեցիկ դերասանուհի Սիլվի Բարկովային հայ հեռուստադիտողը ճանաչեց, հատկապես, շնորհիվ «ԴոՄիՆո» սիթքոմի, որտեղ Սիլվին մարմնավորում է Լիլիին: Հմայիչ դերասանուհին կարճ ժամանակում սիրվեց սիթքոմի երկրպագուների կողմից:
Համոզված ենք՝ շատերին է հետաքրքրում՝ արդյո՞ք Սիլվիին կտեսնենք նաեւ «ԴոՄիՆո»-ի երրորդ եթերաշրջանում եւ ի՞նչ փոփոխություններ կկրի նրա հերոսուհին:
NEWS.am STYLE-ը հետաքրքիր զրույց ունեցավ Սիլվիի հետ, որի մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Սիլվի, հետաքրքիր արտաքին ունեք, դրան գումարած նաեւ Ձեր ազգանունը ենթադրում է, որ բացի հայկականից՝ այլ արմատներ էլ ունեք. կխոսե՞ք այդ մասին:
-Արտաքինս ազգային պատկանելություն չունի :) Իսկ ազգանունս հրեական արմատներ ունի։

-Գիտեմ, որ որոշ ժամանակ Հայաստանից հեռու էիք բնակվում: Ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ. կարոտը ստիպեց, թե՞ աշխատանքի բերումով եկաք:
-Երկրից մեկնել էի կոնկրետ ժամանակով` ետ գալու նպատակով։ Ի՞նչ խոսք, կարոտը խեղդում էր՝ հատկապես ապրիլյան չարաբաստիկ ու ողբերգական օրերին։ Ուզում էի շուտ վերադառնալ, բայց չէի կարող…

-«ԴոՄիՆո»-ում մարմնավորում եք հաշվապահ Լիլիին՝ բավականին հավասարակշռված մի կերպար. Ձեզ ավելի հումորային կերպարներում տեսնո՞ւմ եք:
-Ես ինձ, գրեթե, ամեն կերպարներում եւ տարբեր ժանրերում տեսնում եմ, քանի որ մասնագիտացված եմ ու լավ վարպետի մոտ։

-Իրական կյանքում ինչպիսի՞ն եք:
-Եթե այս հարցը տաք իմ ընկերներին եւ ծանոթներին, կլսեք տարբեր կարծիքներ եւ շատ հաճախ մեկը մյուսին հակասող։ Ահա, թե ինչպիսին եմ ես։ Բայց կա երկու բան, որն անփոփոխ է եւ բոլորը դրա մասին կխոսեն. դա մեծ, շատ մեծ սերն է մայրիկիս ու Հայաստանիս հանդեպ։

-Շուտով կմեկնարկի «ԴոՄիՆո»-ի 3-րդ եթերաշրջանը: Ձեր կերպարին նոր եթերաշրջանում տեսնելո՞ւ ենք: Արդյոք ինչ որ փոփոխություններ կրելո՞ւ է Լիլիի կերպարը:
-Այո, Լիլին կլինի նոր եթերաշրջանում։ Թե ինչ զարգացումներ կուենա նրա կերպարը, կարող եմ միայն ենթադրել, դա է` ամուսնություն Նորիկի հետ։ Սցենարը դեռ գրման փուլում է, ուստի հնարավոր է, որ սխալված լինեմ ենթադրությանս մեջ։

-Այս ընթացքում նկարահանման այլ առաջարկներ ստացե՞լ եք:
-Այո, եւ երեկ էլ ստացա: եթե «Արմենիա TV»-ն թույլ տա նկարահանվել մեկ այլ նախագծում, որի նկարահանումները չեն խանգարի սիթքոմին, ապա կնկարահանվեմ, եթե ոչ` ապա կմնամ իմ սիրելի «ԴոՄիՆո»-ում։
-Ի՞նչ ժանրի ֆիլմում կցանկանայիք նկարահանվել եւ, առհասարակ, ինչպիսի՞ հերոսուհու կցանկանայիք մարմնավորել:
-Շատ եմ սիրում մելոդրամաներ, որի ժանրի խմորը դեռ ցավոք չի հասունացել մեզ մոտ։ Արդեն հասկացաք` անկեղծ սիրո ջատագով եմ:)… Կցանկանայի նաեւ պատմական ֆիլմում հանդես գալ։

Հաջողված եւ հարուստ հումորվ լի կոմեդիայում, որտեղ շեշտը դրված կլիներ միայն ու միայն դերասանական խաղիս վրա եւ ոչ արտաքինիս, ու դերը լիներ արտաքինիցս դուրս։ Ես երբեք չեմ ձգտել ու ձգտում իմ մասնագիտության մեջ 2 բանի` սիրուն երեւալ և լավ խաղալ։
Լավ խաղալը հարաբերական բան է… ինձ համար շատ կարեւոր է ճիշտ խաղը։ «Լավ» խաղը միշտ չէ, որ նշանակում է ճիշտ մարմնավորած կերպար, իսկ ճիշտ խաղի դեպքում՝ շատ լավ է ստացվում մարմնավորածդ կերպարը։
Սյունե Առաքելյան