68-ամյա երգիծաբան Միխայիլ Զադորնովը հաստատել է օնկոլոգիական հիվանդության փաստը

15:25   12 հոկտեմբերի, 2016

68-ամյա երգիծաբան Միխայիլ Զադորնովը հաստատել է օնկոլոգիական հիվանդության փաստը, գրում է «Дни» պարբերականը։ Համացանցում արդեն 2 օր է քննարկվում է հայտնի ռուս երգիծաբանի հիվանդությունը, քանի որ անցյալ շաբաթ Զադորնովը հայտնել էր, որ լուրջ հիվանդ է։

«Օրգանիզմում, ցավոք, լրջագույն հիվանդություն են հայտնաբերել, որը միայն տարիքով չէ պայմանավորված։ Պետք է անհապաղ սկսել բուժումը»,–  գրել էր նա սոցցանցում՝ չպարզաբանելով ախտորոշումը։

Ի վերջո արտիստը ստիպված էր հայտարարություն տարածել եւ հայտնել առաջիկա քիմիաթերապիայի մասին։

«Ուզում եմ իմ  մեկնաբանությունն ավելացնել նախորդ գրառման մեկնաբանություններին։ Դրանցից շատերն այնքան հուզիչ են, որ, իհարկե, ապաքինվելու համար ուժեր են տալիս։ Շնորհակալ եմ։ Բայց թերթերում եւ համացանցում այլ հիմարություններ են գրում, օրինակ, որ Զադորնովը թոքերի անբուժելի քաղցկեղ ունի եւ վկայակոչում են ինչ–որ իբր թե հավաստի թերթ։ Առաջին՝ մեր ժամանակներում հավաստի թերթեր չեն լինում։ Երկրորդ՝ դա ամբողջովին սուտ է»,– գրել է նա «ՎԿոնտակտե» կայքում։

Սակայն արտիստը չի հերքել, որ իր մոտ քաղցկեղ են հայտնաբերել։ Եվ անգամ հաստատել է, որ իրեն քիմիաթերապիա է սպասում։

«Ես առհասարակ կարծում եմ, որ ամեն բան այդքան էլ անհույս չէ, ինչպես երբեմն թվում է։ Ամեն դեպքում, պայքարել պետք է։ Այո, բուժումը կլինի ծանր եւ երկար։ Այդ պատճառով շատ համերգներ չեղյալ եմ հայտարարել։ Այնպիսի թերապիայի համար, ինչպիսին քիմիան է, ուժերը խնայել է պետք»,– հավելել է նա։

Չնայած առողջական խնդիրներին՝ նա պատրաստ է ելույթ ունենալ Մոսկվայում եւ ՌԴ մայրաքաղաքին մոտ գտնվող քաղաքներում։

«Ապագայի հույսեր միշտ էլ պիտի մնան։ Սա իմ կարծիքն է։ Ահա այսպիսին է իմ հիմնական տրամադրությունը այսօրվա դրությամբ»,– նշել է երգիծաբանը։

 



© NEWS.am STYLE