Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում

20:20   12 հոկտեմբերի, 2016

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը այլեւս չի շարունակի իր պայքարը «Օսկարի»՝ «Լավագուն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի հնգյակում հայտնվելու համար:

Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է այն 85 ֆիլմերի անունները, որոնք կշարունակեն իրենց պայքարը տվյալ անվանակարգում: Ցավոք, հայկական արտադրության ֆիլմը չի ընդգրկվել այդ ցուցակում:

Ցուցակում ընդգրկվել են ֆիլմեր Արգենտինայից, Ավստրիայից, Բրազիլիայից, Չինաստանից, Կուբայից, Ֆինլանդիայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից:

Հայաստանի ազգային կինոակադեմիայի որոշմամբ՝ համաշխարհային կինոմրցանակաբաշխությանը ներկայացվել էր նաեւ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանը նշել էր.

«Ակադեմիան ունի 26 անդամ, որոնցից փակ քվեարկոթյանը մասնակցել են 24-ը: Հենց նրանց քվեարկությամբ էլ ներկայացված երեք ֆիլմերից (Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակ» եւ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ») ընտրվել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ ֆիլմը» (9 ձայնով)»:

«Օսկարի» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի 89-րդ անգամ: Հեղինակավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ Հոլիվուդի Դոլբի Թատրոնում:

Աղբյուրը՝ www. variety.com



© NEWS.am STYLE